Tuesday, August 24, 2010

Մեկն Այդ Օրերից

1
Քամու հանկարծակի պոռթկումն այնքան սառն էր, որ աշնանային զբոսայգու նստարաններից մեկին նստած մարդը կծկվեց մոխրագույն թիկնոցի մեջ: Մոխրագույն բծերով ծածկված, կեղտոտ ու գունատ տերևների մի ալիք գլորվեց նրա կոշիկների վրայով, ծածկելով դրանք փոշու թեթև շերտով:
Զբոսայգին դատարկ էր, ու Արթուր Բեյլին (այդպես էր վերարկուով պարոնի անունը) հանգիստ տրվել էր իր մտքերին:
Արթուրն այն մարդկանցից էր, որոնք, ի դժբախտություն իրենց, հասել են միջին տարիքին՝ իրենց կյանքը լցնելով միայն առորեական միապաղաղությամբ ու կայունությամբ, չնայած հարուստ ներքնաշխարհի: Թվում է՝ այդպիսի մարդիկ պարզապես ի վիճակի չեն կայուն զգայական կապ հաստատել ուրիշների հետ: Արդյոք այդպես էր, թե ոչ՝ մենք չէ, որ պիտի դատենք: Ինչևէ, Արթուրի մազերն արդեն սկսել էին սպիտակել, բայց նա շփվում էր միայն մի քանի համալսարանական ընկերների հետ, որոնց հետ կիրակի երեկոները գարեջուր էր խմում, գլանակ ծխում, վիստ խաղում ու ձիարշավի արդյունքները քննարկում, ու իր քարտուղարուհու՝ տարեց այրի միսիս Ջեկոբսի հետ: Վերջինիս հետ շփումը սահմանափակվում էր գործնականի սահմաններում, թեև այրին ամեն կերպ փորձում էր Արթուրին գոնե ինչ-որ խնամքով շրջապատել:

Monday, August 23, 2010

Sunday, August 22, 2010

12-Օգոստոս-2010

Իմ ու Մարիի արևածագ դիտելու նկարները (կամ՝ ինչ է պատահում, երբ քեզ զանգում են գիշերվա ժամը չորսին ու առաջարկում քաղաք դուրս գալ).

Monday, August 9, 2010

Շաբաթից ավել կլինի՝ երաժշտություն չէի լսել:
Օրվա երաժշտությունը.

Ապատիա

Ինտերնետ մի քանի օր էր՝ գրեթե չէի մտնում: Այսօր մտա, որ Անիի հետ խոսեմ: Ահավոր կարոտել եմ:
Ապատիայի մեջ եմ: Բավականին հետաքրքիր ապատիայի: Երթուղայինի մեջ դիմացս երկու աղջիկ էին նստած, բարձր-բարձր քննարկում էին իրենցից մեկի անձնական կյանքը: Չէ, սովորություն չունեմ ուրիշների խոսակցություններին ականջ դնել, բայց այնքան բարձր էին խոսում, որ չլսելու համար առնվազմ պետք է ձեռքերով ականջներս փակեի:
Աղջիկներից ինչ-որ մեկը կիսալացակումած ձայնով բողոքում էր ինչ-որ տղայից ու չէր կողմնորոշվում, դեռ իր ընկերը համարում է նրան, թե ոչ: Իսկ ընկերուհին փորձում էր նրան ստիպել կողմնորոշվել:
Գիտե՞ք, ինչ զգացողություն առաջացավ մոտս: