Ինտերնետ մի քանի օր էր՝ գրեթե չէի մտնում: Այսօր մտա, որ Անիի հետ խոսեմ: Ահավոր կարոտել եմ:
Ապատիայի մեջ եմ: Բավականին հետաքրքիր ապատիայի: Երթուղայինի մեջ դիմացս երկու աղջիկ էին նստած, բարձր-բարձր քննարկում էին իրենցից մեկի անձնական կյանքը: Չէ, սովորություն չունեմ ուրիշների խոսակցություններին ականջ դնել, բայց այնքան բարձր էին խոսում, որ չլսելու համար առնվազմ պետք է ձեռքերով ականջներս փակեի:
Աղջիկներից ինչ-որ մեկը կիսալացակումած ձայնով բողոքում էր ինչ-որ տղայից ու չէր կողմնորոշվում, դեռ իր ընկերը համարում է նրան, թե ոչ: Իսկ ընկերուհին փորձում էր նրան ստիպել կողմնորոշվել:
Գիտե՞ք, ինչ զգացողություն առաջացավ մոտս:
Ոչ մի: Ոչ քննադատություն, ոչ կարեկցանք, ոչ ծիծաղ:
Կյանքի փոքրիկ ողբերգություններ:
Հետո աչքերիս առաջ անցան վերջին ութ տարիների բոլոր անհաջողությունները, որոնցից ամեն մեկը, թվում էր, աշխարհի վերջն է, բայց կյանքը, չգիտես ինչու, շարունակվում էր. նույնիսկ մարիամառաֆիկական, կակտուսանիական ու այլ պատմությունները, և այլն: Ի՞նչ էր այդ ամենը: Կյանքի փոքրիկ ողբերգություններ:
Դրամատիզացված:
Միկրոսկոպիկ:
Փոքրիկ:
Պարզապես ինչ-որ տարօրինակ խոշորացույցի տակ: Սենտիմենտալիզմի խոշորացույցի տակ:
Մարդիկ սիրում են զգալ, որ իրենց կյանքի տրագեդիաներն աշխարհում ամենամեծն են, ամենատրագիկը և այլն: Զվարճալի է, չէ՞: Իսկ ես ոչինչ չեմ զգում:
Քանի օր է՝ լյարդս է ցավում: Եթե ինչ-որ մեկը ցանկանում էր ինձ խորհուրդ տալ նյարդերս խնայել, ապա ճիշտ ժամանակն է:
No comments:
Post a Comment