Tuesday, August 24, 2010

Մեկն Այդ Օրերից

1
Քամու հանկարծակի պոռթկումն այնքան սառն էր, որ աշնանային զբոսայգու նստարաններից մեկին նստած մարդը կծկվեց մոխրագույն թիկնոցի մեջ: Մոխրագույն բծերով ծածկված, կեղտոտ ու գունատ տերևների մի ալիք գլորվեց նրա կոշիկների վրայով, ծածկելով դրանք փոշու թեթև շերտով:
Զբոսայգին դատարկ էր, ու Արթուր Բեյլին (այդպես էր վերարկուով պարոնի անունը) հանգիստ տրվել էր իր մտքերին:
Արթուրն այն մարդկանցից էր, որոնք, ի դժբախտություն իրենց, հասել են միջին տարիքին՝ իրենց կյանքը լցնելով միայն առորեական միապաղաղությամբ ու կայունությամբ, չնայած հարուստ ներքնաշխարհի: Թվում է՝ այդպիսի մարդիկ պարզապես ի վիճակի չեն կայուն զգայական կապ հաստատել ուրիշների հետ: Արդյոք այդպես էր, թե ոչ՝ մենք չէ, որ պիտի դատենք: Ինչևէ, Արթուրի մազերն արդեն սկսել էին սպիտակել, բայց նա շփվում էր միայն մի քանի համալսարանական ընկերների հետ, որոնց հետ կիրակի երեկոները գարեջուր էր խմում, գլանակ ծխում, վիստ խաղում ու ձիարշավի արդյունքները քննարկում, ու իր քարտուղարուհու՝ տարեց այրի միսիս Ջեկոբսի հետ: Վերջինիս հետ շփումը սահմանափակվում էր գործնականի սահմաններում, թեև այրին ամեն կերպ փորձում էր Արթուրին գոնե ինչ-որ խնամքով շրջապատել:

Նոյեմբեր էր. երկինքը ծածկած կապարե կիսաթափանցիկ շղարշը խոնավ ու ցուրտ ձմեռ էր գուշակում: Արթուրը նայեց ժամացույցին՝ դեռ հինգն էր, բայց ամպերի պատճառով արդեն կիսախավար էր տիրում:
Ինչ-որ երեխա էր կանգնած ծառի տակ ու վերև էր նայում: Ինչ-որ բան էր խոսում, բայց չափազանց հեռու էր, որպեսզի լսելի լինի, բայց հետաքրքիր էլ չէր: Արթուրը նորից նիրհեց:
- Մի՛ստեր:
Աչքերը բացեց, նայեց. նույն աղջիկն էր իր թևքից քաշում՝ ոչ այնքան գեղեցիկ, պեպենոտ, նիհար, երկարավիզ: Երևի մի տաս-տասներկու տարեկան լիներ:
- Ի՞նչ է պատահել, փոքրի՛կ,- ասաց նա, փորձելով ձայնին հնարավորինս բարեկամական երանգ տալ:
- Ներեցե՛ք, մի՛ստեր, կօգնեի՞ք ինձ փրկել այն կատվին:
- Ի՞նչ կատու:
- Եկեք, ես ձեզ ցույց կտամ:
Ու անհամբերաբար քաշեց թևքից: Արթուրը ինքն իրեն ստիպելով վեր կացավ նստարանից ու երեխայի հետևից քայլեց դեպի ծառը, ճանապարհին ձգելով ու արթնացնելով վերջույթների դեռևս քնած մկանները:
Կատուն իսկապես ծառի վրա էր ու խղճալիորեն մլավում էր:
- Կօգնե՞ք նրան, պարո՛ն: Նա ինձ չի լսում,- ասաց աղջիկն ու, արդեն կատվին դիմելով, ավելացրեց, ասես փոքրիկ երեխայի հետ խոսար,- հիմա այս պարոնը քեզ կօգնի, լա՞վ:
Արթուրը նայեց կատվին. հասարակ, մոխրագույն կատուն էր՝ ամենայն հավանականությամբ այն հազվագյուտ փողոցային կատուներից, որոնք խուսափել էին դրանց որսացող տեսուչների աչքերից: Սկսեց ինքն իրեն համոզել, որ բարձրանա ծառը՝ ինքն էլ չիմանալով, հանուն ինչու, բայց հանկարծ զգաց, որ թիկնոցն արդեն ծառի կողքի նստարանին է, ձեռքերն արդեն բռնել են ծառի ամենացածր ճյուղը, իսկ ոտքերը մագլցում են բնի վրայով:
Երբ վերջապես հասավ կատվին ու ձեռքերն առաջ մեկնեց, կատուն ցած թռավ ու հեռու փախավ:
Արթուրը կախվեց ճյուղից ու նույնպես ցած նետվեց:
- Փախա՛վ կատուդ, փոքրի՛կ,- ասաց նա, ծիծաղելով ու շունչը տեղը բերելով:
Աղջիկը կանգնել էր տեղում ու ձեռքերի մատներն իրար հյուսելով՝ ցրված շուրջն էր նայում: Հագուստն ուղղելով ՝ Արթուրն ավելացրեց.
- Քեզ ի՞նչ եղավ, փոքրի՛կ:
- Հայրիկն ասում է, որ ես չպետք է խոսեմ անծանոթների հետ:
- Տարօրինակ երեխա ես: Ախր դու ինքդ ինձ մոտեցար:
Երեխան շարունակում էր լռել:
- Հայրիկդ ճիշտ է ասում: Իսկ հիմա վազիր տուն, արդեն ուշ է:
Երեխան արագ փախավ, Արթուրն էլ սկսեց քայլել դեպի տուն, արագ մոռանալով միջադեպի մասին:
2
Ես կանգնած եմ պատուհանի մոտ, Մերին մոտենում է ինձ ետևից ու ձեռքը դնում ուսիս:
- Չգիտեմ, երբևէ կներե՞ս ինձ,- ասում է նա:
Ես շուռ եմ գալիս, նայում նրան, ուզում գրկել, բայց չի ստացվում: Ինչ-որ բան ներսումս կծկվում է, ու ես ետ եմ քաշում ձեռքերս: Ինչ-որ բան է լռվել կոկորդումս, ուզում եմ լացել, բայց արցունքներս խեղդում եմ:
- Ես չեմ բարկանում քո վրա:
- Չես պատկերացնի, որքան մեղավոր եմ: Ներիր ինձ, խնդրում եմ:
Արթուրը ոչ ոքի երբեք էլ չխոստովանեց, որ ամեն անգամ, երբ երազում Մերիին էր տեսնում, արթնանում էր լացելով: Տղամարդը երբեք չի լացում, Արթուր Բեյլին՝ առավել ևս: Նրա մասնագիտությունն է՝ լինել մարդկային բարեկեցության խորհրդանիշ, նրան բոլորը պետք է նախանձեին, նա այն էր, ինչ ուզում էին դառնալ բոլորը:
«Ինչու՞ էիր ներողություն խնդրում, Մերի: Դու երբեք ինձանից ներողություն չես խնդրել: Մենք իրարից ներողություն երբեք չենք խնդրել»:
Հանկարծ մտքով մի տարօրինակ կասկած անցավ.
«Չլինի՞ ինչ-որ բան է պատահել»:
Արթուրի մարմինը միանգամից դող ընկավ, ու ամբողջ օրը չէր կարողանում կենտրոնանալ: Երեկոյան կողմ չդիմացավ, զանգեց:
- Ալլո, Մե՞րի:
- Ի՞նչ է քեզ պետք:
Վախը միանգամից փոխարինվեց նույն հին ճնշվածության զգացողությամբ:
- Ոչինչ, պարզապես ցանկանում էի համոզվել, որ քո հետ ամեն ինչ լավ է:
- Շնորհակալ եմ, որ հոգ ես տանում իմ մասին, բայց ես դրա կարիքը բնավ չեմ զգում: Գիտե՞ս, ով ինձ պետք է, իմ մասին հոգ կտանի:
- Գիտեմ: Ներիր, որ քեզ անհանգստացրի:
- Էլ ինձ չզանգես:
Դրեց հեռախոսն ու ցրված հայացքով դուրս եկավ աշխատասենյակից:
- Մի՛ստեր Բեյլի:
Միսիս Ջեկոբսն էր: Նրա ձայնն ուշքի բերեց Արթուրին:
- Էլի Մերին է, ճի՞շտ եմ:
- Մի անհանգստացեք, միսիս Ջեկոբս, ես լավ եմ:
Նա բարձրացրեց հայացքն ու աչքի անց կացրեց սենյակը: Ջրամանն իր տեղում էր, թղթերի պահարանը նույնպես: Ի՞նչն էր սխալ այդ դեպքում: Ինչ-որ բան այն չէր:
Թիկնոցը: Զբոսայգում էր մոռացել նախորդ օրը, թողել էր նստարանին, երբ բարձրանում էր ծառը՝ կատվին իջեցնելու համար: Պետք էր վերադառնալ այն հույսով, որ դեռ այնտեղ կլինի:
- Միսիս Ջեկոբս, ես մի փոքր կզբոսնեմ: Միգուցե այսօր չվերադառնամ:
- Դա լավ կլինի ձեր համար: Խնայեք ձեզ, միստեր Բեյլի:
Դուրս եկավ, միջանցքի հարթ, մարմարե հատակի վրայով հայլեց դեպի վերելակն ու ձեռքը մեկնեց դեպի կոճակը, բայց, ինչպես երազում, ինչ-որ բան կծկվեց ներսում, ու ձեռքը ետ քաշեց:
Հանգիստ քայլերով հեռացավ վերելակից ու կիսախավար աստիճաններով իջավ ներքև: Եղանակը նախորդ օրվանից ավելի վատն էր:
Շուտով հասավ զբոսայգի: Մոտենալով ծառի կողքի նստարանին, նա տեսավ նախորդ օրվա աղջկան, որը վերարկուն գրկած նստել էր ու գետնին չհասնող ոտքերն էր թափահարում:
- Ի՞նչ ես անում այստեղ այս ժամին, փոքրի՛կ:
- Դուք երեկ ձեր թիկնոցն էիք մոռացել,- ասաց աղջիկը, հայացքը թաքցնելով,- ես երեկ վերադարձա ու այն վերցրեցի: Իսկ այսօր սպասում էի ձեզ:
Արթուրը ժպտաց, տեսնելով, թե ինչպես է աղջիկը մեղավոր ժպտում:
- Ու ինչպե՞ս կարող եմ շնորհակալություն հայնել քեզ, փոքրի՛կ:
- Կիջեցնե՞ք կատվին ծառի վրայից, մի՛ստեր:
Արթուրը չկարողացավ զսպել ծիծաղը, երբ վերև նայեց ու տեսավ ծառի վրա նախորդ օրվա կատվին: Այս անգամ կատուն լուռ թշնամանքով նայում էր ներքև:
Արթուրը նորից մագլցեց ծառը, բայց երբ կատուն էլի փորձեց ցած թռչել, կախվեց մի ձեռքի վրա ու ազատ ձեռքով կատվին քաշեց գիրկն ու ցատկեց:
Աղջիկը լուռ հիացմուքով նրան էր նայում:
- Նրան տուն է պետք, մի՛ստեր:
- Ուզու՞մ ես վերցնել նրան,- հարցրեց Արթուրը:
Աղջիկը նորից խոնարհեց հայացքը:
- Հայրիկս չի թողնի նրան պահել, միստեր:
- Ուրեմն ես կվերցնեմ, լա՞վ:
- Դա լավ կլիներ:
Թիկնոցը հագնելով ու չդիմադրող կատվին գիրկն առնելուց հետո նա հարցրեց.
- Որտե՞ղ ես ապրում: Ես քեզ կուղեկցեմ:
Աղջկա դեմքը մի պահ այլայլվեց վախ հիշեցնող ինչ-որ արտահայտությունից, բայց նա արագ իրեն թափ տվեց ու ուշքի եկավ:
- Կարիք չկա, մի՛ստեր,- ասաց նա ու փախավ:
Արթուրը նրա ետևից գոռաց.
- Մենք էլ անծանոթներ չենք, այդպես չէ՞:
Աղջիկն առանց կանգ առնելու պատասխանեց.
- Ո՛չ, մի՛ստեր:
- Արթուր: Անվանիր ինձ Արթուր:
- Իսկ ես Լիան եմ:
Տուն հասնելով, Արթուրը սառնարանից հանեց կաթի տուփը, լցրեց ամանի մեջ ու տվեց կատվին: Հետո վերցրեց հեռաոսն ու զանգահարեց:
- Ալլո, միսիս Ջե՞կոբս:
- Բարի երեկո, միստեր Բեյլի: Դուք լա՞վ եք: Ես անհանգստանում էի ձեր համար:
- Ամեն ինչ լավ է, միսիս Ջեկոբս: Զանգահարեցի, որ ձեզ զգուշացնեմ, որ վաղն աշխատանքի չեմ գա:
- Ի՞նչ է պատահել, միստեր Բեյլի: Կուզեի՞ք, որ վաղը գամ ձեր մոտ:
- Միսիս Ջեկոբս, ամեն ինչ իսկապես լավ է: Պարզապես վաղը կատվիս պետք է տանեմ անասնաբույժի մոտ՝ պատվաստումներ անելու: Իսկ երեկոյան կարող եք ձեր Բեռնարդետտային վերցնել ու գալ իմ մոտ՝ թեյ խմելու:
- Դուք կատու՞ եք գնել, միստեր Բեյլի:
- Երկար պատմություն է, վաղը կպատմեմ: Տականքը հենց նոր կուշտ կերավ, հիմա էլ ոտքերիս է քսմսվում:

2 comments:

Los said...

es qo nor grqic inchvor hatvaca?
kyanqe hetaqrqira.. et iravichake vor chlner beylin gyor kmtner katu cher unena.

Բայանդուր Պողոսյան said...

Չէ, Լոս))) գիրքը ռուսերեն ա, ու «Requiem» ա կոչվում:
http://twistedperception.freefo.de/viewtopic.php?f=25&t=403
Այ էստեղ նայի:

Post a Comment