Wednesday, May 26, 2010

The butterfly that broke the camel's back

Ամեն ինչ սկսում է ինչ-որ դեպքից: Հետո՝ մտքեր, հիշողություններ, երգեր: Հետո՝ մարդիկ, ովքեր պատրաստ են քեզ չարախոսել: Միշտ պատրաստ են:

Հետո՝ մարդիկ, ովքեր հուսախաբ են անում: Հետո՝ մարդիկ, ովքեր չունեն պատվի զգացողություն: Ու լավ է, եթե դա նրանց վարքի վրա է անդրադառնում՝ կարող ես ասել, որ հասուն մարդիկ են ու իրենք են պատասխանատու իրենց վարքի համար: Բայց երբ այդ հասուն մարդիկ իրենց վարքը պարտադրում են ուրիշներին:

«Ոչինչ, լակած է, թող չամռվի, ուշադրություն մի դարձրու»:

Չեմ կարող չընդունել, որ Սապկովսկու «Ведьмак»-ն ինձ ցավոտ խփեց: Կանացի «դրական» կերպարներն ու կանացի կերպարներն ընդհանրապես լրիվ զուրկ էին պատվից: Գրողը տանի, ես մորալիստ չեմ, բայց ինքն իրենով առևտուր անելն արդեն ատելի է իմ համար: Ինչ էլ լինի գինը՝ փող, այլ նյութական արժեք, կոմպրոմիս, իրավիճակը հարթել թե ուրիշ բան: Ու ինչքան էլ առևտրի մասշտաբը փոքր լինի: Երևի Վահե Քաչայի «Գիշատիչների Խնջույքը» փոքր տարիքում կարդալուց է ժառանգություն մնացել:

Հարցը նրանում չի, որ ես հակված եմ հիասթափությունների: Պարզապես ես առավել ցավոտ եմ դրանք տանում:

Ինձ երբեք ոչ ոք չի ներել, ես երբեք ոչ մեկին չեմ ներել: Գիտեմ, որ թերությունս է, բայց ոչինչ չեմ կարելի անել դրա հետ: Ամեն փոփոխություն պետք է ադեկվատ լինի: Իսկ ոչ ադեկվատ փոփոխությունների դեպքում ես պարզապես չեմ գոյատևի:

Monday, May 10, 2010

Մեծ դժբախտություն


Երեկ ես ընկեր թաղեցի: Նա շատ փոքրիկ էր, բայց իմ կյանքում շատ մեծ տեղ ուներ: Խոսքն իմ գերմանամկան մասին է: Գերմանամուկս շատ անուններ ուներ, բայց ես նրան միշտ կհիշեմ որպես Հմայակ:
Բացում եմ մանկասենյակի դուռն ու հիշում, որ երբ կար, փախնում էր, հենց դուռը բացում էի: Ու լաց եմ լինում: Գիտե՞ք ինչպես էր գժվում տապակած կարտոֆիլի համար:
Խեղճ պստլոս: Մոտենում էր ինձ, քաշում անդրավարտիքիս փողքից, որ իրեն բարձրացնեմ սեղանիս վրա: Իսկ երբ սեղանս տարա մանկասենյակից, վազում էր սենյակով ու լաց լինում:
Անտանելի էր տեսնել նրան այդքան կենդանի՝ նույնիսկ ականջները չէին իջել: Ուրախ, կենդանի ականջները, սուր ատամները, որոնցով երբեք ինձ չի կծել:
Հենց համեղ բան էր լինում, առաջին կտորը միշտ իրենն էր: Այնքան հաճույք էի ստանում, երբ նայում էի, թե ինչպես է թել-թել պոկում ու ուտում միսը:
Հմայակն այնքան խելոք ու խորամանկ էր: Մի քանի ամիս անցավ, որ սովորեցինք սենյակից փախնելու նրա տարբեր հնարքներին: Այդքան փոքրիկ՝ այնքան ջերմություն էր բերել մեր ընտանիք:
Իսկ երեկ... ավագ քույրս պատմում է, որ կրտսերը սկսեց ճչալ. պատահաբար տրորել էր մկանը: Հմայակը ցատկոտելով ու լացելով փախավ անկողնու տակ ու այնտեղ հանգավ:
Ես նրան փաթաթեցի անձեռոցիկների մեջ, որ չմրսի: Նույնիսկ մեռած՝ չմրսի պստլոս: Դրեցի բաժակների տուփի մեջ ու իսկական գերեզման փորեցի: Վերջում էլ ծանր քար դրեցի, որ կենդանիները չփորեն-հանեն: Վերջին բանը, որ ընկերը կարող է անել ընկերոջ համար:
Տուն գալուց հետո զգացի, որ գժվում եմ: Տանը միայն կոնյակ կար, խմեցի ու քնեցի:
Գրում եմ ու լաց լինում:
Այսօր էլ գեղացի բարեկամներս հյուր եկան: Դե, իրենց հավեսը չունեի, բարևեցի ու մտա սենյակս: Երբ գնացին, իմացա, որ իրենց հետ կենդանի աքլոր էին բերել, Իվանն էլ իջեցրել է, որ մորթի: Մոտս հիստերիկա սկսեց, սառնարանի ու պատերի վրա բռունցքներիս հետքերն են մնացել:
Սիրտս ցավում է: Թե ֆիզիկապես, թե հոգեպես:

Thursday, May 6, 2010

Անձրև

Վերջին օրերին այնքան անձրև եկավ, որ թվում էր՝ քաղաքը ճահիճ է պատրաստվում դառնալ: Ու առավոտը, երբ դուրս էի գալիս աշխատանքի, չէի կարծում, որ նման գրառում կանեմ:
Դեռ վաղ ժամ էր, ոչ մեկը չկար փողոցում: Ու սկսեց մանր անձրև մաղել: Իսկական արևային անձրև: Նույնիսկ չթրջվեցի: Այնքան հաճելի էր:

Wednesday, May 5, 2010

Angst

Մեղքս ինչ թաքցնեմ, ես էլ եմ երբեմն վախենում ապագայից: Իսկապես կուզեի տեսնել ինքս ինձ տաս տարի անց ու լսել, որ ամեն ինչ լավ է լինելու: Երեսուներեք տարեկանում:
Ընդհանրապես, բավականին ռետրոսպեկտիվ օր էր: Տարբեր բաներ էի փորձում հիշել: Օրինակ՝ այն աղջկան, ով իմ աչքի առաջ ինքնասպանություն գործեց: Հիշում եմ, թե ինչպես էր մագլցում կամրջի բազրիքի վրա, հիշում եմ, որ մի վայրկյան անց արդեն այնտեղ չէր: Իսկ արանքն ընդհանրապես չեմ հիշում: Ոչ մի ձայն, ոչ մի պատկեր: Հիշողությունս մոնտաժել է այդ պահը: Երթուղայինի մեջ էի ու ոչինչ չէի հասցնի անել:
Դրա փոխարեն լավ եմ հիշում այն տատիին, ում ես ու Աղասը չթողեցինք ինքնասպանություն գործի: Ինչ-որ հարսի հետ կապված պրոբլեմ ուներ, հիմա դա էական չի: Ու էլի՝ Կիևյան կամուրջ:
Երեկ մտածում էի՝ ինչ հարմար է, որ ամերիկյան սուպերմարկետներում գնումները տալիս են վերամշակված թղթից փաթեթներով: Երթուղայինում պոլիէթիլենե տոպրակ գրկած նստելն ամենահարմարը չի, համ էլ՝ պոլիէթիլենը չի քայքայվում ու թունավորում է շրջակա միջավայրը: Հետո՝ որ Հայաստանում աղբի վերամշակման ու տեսակավորման կուլտուրա չկա:
Ու էլի շատ տարբեր մտքեր:
Եկա օֆիս, շարունակեմ աշխատել չինական սերիալի վրա, արդեն բկիս է մնացել:

Tuesday, May 4, 2010

Քերի ֆոն Էրիխ

Հետաքրքիր է պրոֆեսսիոնալ ռեսլեր Քերի ֆոն Էրիխի (իսկական անունը՝ Քերի Ջին Էդկինսոն) պատմությունը: 1986 թ. հունիսի 4-ին Քերին, հավանաբար՝ թմրադեղի ազդեցության տակ, մոտոցիկլետային վթարի ենթարկվեց, ինչի արդյունքում բժիշկները ստիպված եղան անդամահատել նրա աջ ոտքը: Քերին շարունակեց զբաղվել ռեսլինգով, նրան նույնիսկ հաջողվեց որոշ ժամանակ գաղտնի պաhել ոտքի բացակայությունը:
Գնդապետ ԴիԲիրսի հետ մատչի ժամանակ հակառակորդը փորձեց ֆոն Էրիխին ոտքից բռնած դուրս քաշել ռինգից: Արդյունքում ոտքի պրոտեզը մնաց նրա ձեռքում:
1993 թվականին Քերին ինքնասպանություն գործեց՝ թմրադեղերի հետ կապված դատական նիստից մեկ օր առաջ: Այդ պահին նա 33 տարեկան էր:

Monday, May 3, 2010

Մերկուցո. Ժանտա՛խտ, ժանտա՛խտ ձեր ձեր զույգ ընտանիքին:
Ես վիրավոր եմ, ժամս մոտեցել է:
Ի՞նչ է, նա գնա՞ց անվերք ու անվնաս:
Բենվոլիո. Ի՞նչ, վիրավո՞ր եք:
Մերկուցո. Այո, այո, քերծվածք է, մինչ հարսանիք կլավանա:
Որտե՞ղ է սպասավորս: Գնա՛, բժի՛շկ բեր, սրիկա՛: