Որոշ մարդկանց մոտ կարող է հարց առաջանալ. ինչի՞ս է պետք ևս մի բլոգ բացել, եթե ես արդեն մի ակտիվ ու երեք պասիվ բլոգեր ունեմ:
Այս գրառման մեջ կփորձեմ պատճառաբանել:
Նոր ժամանակաշրջան որոշ ժամանակ առաջ ես բավականին խորը ստեղծագործական ճգնաժամ ապրեցի, ինչն ինձ ստիպեց ևս մեկ անգամ անդրադառնալ այն հարցին, թե արդյո՞ք գրականության կամ արվեստի որևէ այլ ճյուղի մեջ իմ կատարած աշխատանքը որևէ ապագա կամ արժեք ունի: Ներկայումս չափազանց շատ են մարդիկ, ովքեր, ըստ երևույթին, սիրում են գրել: Եթե միայն նրանք նաև կարողանային գրել... Նրանցից մեկը լինելու հեռանկարն, ընդունեք, այնքան էլ շոյիչ չի:
Հարցի պատասխանն եկավ ինձ Սթիվեն Քինգի «Գրելու մասին» գիրքը կարդալիս: Բացի սեփական գրական ոճի դրական ու բացասական կողմերի վրա հեղինակավոր վարպետի աչքերով նայելու հնարավորությունից, այն պատմում էր նաև հենց Քինգի գրական ուղու մասին: Ինչից ես եզրակացրեցի, որ բարեկեցիկ ու հայտնի գրող, անկախ ունակություններից, ես չեմ դառնա (համենայն դեպս, ոչ կյանքի օրոք): Հարցը նրանում է, որ ԱՄՆ-ում, որտեղ ապրում ու ստեղծագործում է Քինգը, կան գրական ամսագրեր, որոնք հրատարակում են սկսնակ ու արդեն փորձառու գրողներին՝ դրա համար հոնորար վճարելով: Բնական է, որ նման ամսագրերը հոգում են, որ ունենան ընթերցողների մասսա, գովազդում են իրենց հեղինակներին, հոգում են տպագրվող նյութի որակի մասին: Հայաստանում, ցավոք, նման պրակտիկա չկա, իսկ լինելու դեպքում արագ կմոնոպոլիզացվեր ԽԾԲ սկզբունքով:
Եթե այս հայտնագործությունն այնքան էլ հուսադրող չէր, երկրորդն ինձ շատ ավելի էական բաներ ասաց. նախ, որ ես կարողանում եմ գրել: Լավ թե վատ՝ կերևա ժամանակի մեջ: Երկրորդ՝ իմ սխալն այն է, որ ես չափազանց սիրողաբար եմ վերաբերվում գրելուն: Այնինչ գրել պետք է կանոնակարգված, այսպես կոչված «ռեժիմով»: Ու էլի շատ նման բաներ:
Իսկ եթե ես կարող եմ գրել, ես դա կանեմ:
Requiem նոր բլոգ բացելու մյուս հիմնական պատճառն այն է, որ դեռ 2006 թվականի օգոստոսին սկսած իմ առաջին վիպակի՝ «Requiem»-ի վրա աշխատանքը մոտենում է իր ավարտին: Իմ ընկերներից ու ծանոթներից շատերը հետաքրքրություն են հայտնել վիպակի վերաբերյալ, ու ես կփորձեմ այս բլոգում նրանց տեղեկացված պահել: Հաջորդ գրառման մեջ ես կլուսաբանեմ «Requiem»-ի վրա մինչև այժմ տարված ամբողջ աշխատանքը, իսկ հետո կանդրադառնամ այն գրելու ընթացքում վերապրած գրական փորձին: Շնորհակալություն կարդալու համար,
Բ. Պողոսյան:
1 comment:
hin blogere chen sharunakvum che?
Post a Comment