Monday, July 12, 2010

The Brown Bunny

Նորից վերադարձանք անկախ կինոյին:) իհարկե, ուրիշ բլոգում, ուրիշ ժամանակ: Այս անգամ խոսքը դերասան ու ռեժիսոր Վինսենտ Գելլոյի 2003 թվականի «Դարչնագույն Ճագարը» ("The Brown Bunny" Wiki/IMDB) արտհաուսային աշխատանքի մասին է, որը Կաննի նույն տարվա փառատոնում աղմուկ բարձրացրեց՝ հիմնականում սեռական բնույթի բացահայտ պատկերների պատճառով:
Բայց դա չէր, որ պատճառ դարձավ, որ ես իմանամ ֆիլմի մասին, առավել ևս՝ դիտեմ այն:
Ֆիլմի սաունդտրեկում օգտագործվել է Ջեքսոն Սի Ֆրանկի «Milk and Honey» երգը (երկու գրառում առաջ այն օրվա երաժշտությունն էր): Բավականաչափ պատճառ է ֆիլմը դիտելու համար, այդպես չէ՞: Չնայած որ ես միշտ սկեպտիկ եմ վերաբերվում ֆիլմերին, որոնց ռեժիսորը, պրոդյուսերը, սցենարիստն ու գլխավոր դերակատարը նույն մարդն է:
«Դարչնագույն Ճագարը» ֆիլմը պատմում է ծանր հոգեբանական հարված տարած մոտոցիկլավարի մասին, ով ճանապարհորդում է երկրով մեկ: Ընթացքում աստիճանաբար բացահայտվում է, թե ինչ է նրան հետապնդում: Եթե ձեզ հետաքրքիր է, ապա կասեմ՝ ֆիլմի կուլմինացիոն պահում իսկապես ցուցադրվում է օրալ սեքսի բացահայտ, կարելի է ասել՝ պոռնոգրաֆիկ տեսարան դերասանուհի Քլոե Սեվինյիի ու Վինսենտի միջև:
Կինոքննադատ Ռոջեր Էբերթը «Դարչնագույն Ճագարն» անվանեց «վատագույն ֆիլմ, որը երբևէ ներկայացվել է Կաննի կինոփառատոնին»:
Ծանոթ լինելով արտհաուսի տարբեր տարօրինակություններին վերջին հիսուն տարվա մեջ, Էբերթի ու շատ ուրիշների ռեակցիան պետք է առնվազն որպես երկերեսանի որակել: Մի կողմից՝ սահմանները ջնջելը հենց արտհաուսի նպատակներից մեկն է: Մյուս կողմից՝ պարզապես անցել է սկանդալայնության մոդան, որ այդքան ուժեղ էր հիսունական-վաթսունականներին:
Էնդի Վարհոլի 1964 թվականի «Blow Job» (Wiki/IMDB) ֆիլմը նույնպես համարվում է արտհաուսային աշխատանք: Աղմկահարույց, հայտնի, սկանդալային: Ի՞նչ է այն պատկերում իր 35 րոպեանոց տևողության ընթացքում. տղամարդու դեմք, ում մինետ են անում (իսկապես, չի իմիտացված, ըստ Վարհոլի՝ հինգ տարբեր տղաներ): Ու ուրիշ ոչինչ: Ռեժիսորը երկու տարուց սիքուել նկարահանեց՝ «Eating Too Fast» (Wiki): Այս անգամ՝ 67 րոպե տևողությամբ, գունավոր ու շարժվող տեսախցիկով: Այո, ու խնձորով: Ու դերասանն է ուրիշ: Իհարկե, կարող եք ասել, որ Վարհոլի աշխատանքները շատ սուբյեկտիվ եմ ներկայացրել, քանի որ նրան տանել չեմ կարողանում (Էնդիի «Փող աշխատելն արվեստ է, ու աշխատելն էլ է արվեստ, ու լավ բիզնեսն ամենալավ արվեստն է» փիլիսոփայությունն էլ կարող է դրա մեջ իր մասն ունենալ), տանել չեմ կարողանում փոփ-արթն իր բոլոր դրսևորումներով: Միակ բանը, որ կարող եմ ասել այդ կապակցությամբ՝ դիտեք Վարհոլի ֆիլմերը, դիտեք «Դարչնագույն Ճագարը»: Վերջինս գոնե ամբողջական կոնցեպցիա է պարունակում, այլ կերպ ասած՝ ինձ, որպես դիտողի, հետաքրքրող ասելիք ունի: Միգուցե և ոչ ամենախելացի ասելիքը, բայց այն բավականաչափ է, որ ցույց տա մինետի տեսարանի վրա հասարակայնության կենտրոնանալու աբսուրդ լինելը:

No comments:

Post a Comment