Աղասի հետ էի ուզում հանդիպել, բայց իրեն հարմար չէր: Նստեցի ինչ-որ դպրոցի աստիճանների վրա ու սկսեցի նվագել: Հենց այնպես, ինքս իմ համար, մոտակայքում ոչ մեկը չկար: Վերջերս մտածում էի՝ նույնիսկ ես եմ սկսել տառապել ցուցամոլության ախտով. պառկեմ հրապարակի ֆանտանների բազրիքին ու ձեռքս մտցնեմ ջրի մեջ՝ ու կեսս պնդում է, որ դա լավ է, որովհետև մոտակա աղջիկներին օրիգինալ, պրովոկացիոն, միգուցե՝ բարկացուցիչ կթվա, մյուս կեսս հայհոյում է առաջին կեսիս, որ ձևական է դարձել, որ նման բաները կբերեն նրան, որ ես կդառնամ այն, ինչ ինձ ուզում են տեսնել՝ նրա հաշվին, ինչ ես կամ: Ու այն փոքր մասս, որն իսկապես ուզում է պառկել քարի վրա, վայելում է սառը ջրի հետ հպումը, նայում է լույսի ցայտերին: Բայց ինչքա՞ն էներգիա է ավելորդ տեղը վատնվում ներքին անիմաստ կոնֆլիկտի վրա՝ միայն հավասարակշռությունը պահպանելու նպատակով: Նման բաների պատճառով էլ ես ինձ վերջերս անընդհատ «սպառված» եմ զգում:
Ասածս ի՞նչ էր՝ նստած նվագում էի, ու լրիվ թքած ունեի, ով կա, ով չկա. նվագում էի ինքս իմ համար, վերջերս շատ քիչ բան եմ ինքս իմ համար անում: Նվագում էի, որովհետև մենակ էի, նվագում էի, որովհետև տխուր էի, նվագում էի, որովհետև ասելիք ունեի, որ ում էլ ասեմ՝ չի հասկանա: Կհասկանա, ինչ ուզում է հասկանալ, բայց ոչ այն, ինչ ես էի ուզում ասել:Հետո վեր կացա ու քայլեցի դեպի Ռոսիա, որ իջնեմ Հրապարակ, հետո՝ Օպերա, այնտեղից էլ նստեմ տրանսպորտ ու գնամ տուն: Ժամը 11 անց կես էր: Հյուսիսային պողոտայում հասկացա, որ աշխարհը փոխվել է՝ լիքը անծանոթ դեմքեր, որ չգիտեմ որտեղից են ծլել՝ համակրելիներն էլ կային, ոչ այնքան համակրելիներն էլ, բայց լրիվ անծանոթ, ու ասես մեր արանքում պատ լիներ: Մի քանի տարի առաջ աշխարհը լրիվ ուրիշ ձևի ասես լիներ, նույնիսկ անկապ տեղերում, ինչպիսին Ստոպն էր, կարիք չկար ծանոթանալ ինչ-որ մեկի հետ՝ կարելի էր մոտիկանալ ու զրուցել, ինչ-որ անմիջականություն կար: Բայց իր մութ կողմով՝ ստորջրյա ինտրիգներ, բամբասանքներ, կոնֆլիկտներ: Ու ինքնաոչնչացման մոլուցքը, որ համաճարակային բնույթ էր կրում: Ու ինչպես էինք բոլորս մրցում այդ արվեստի մեջ:
Հետո զգացի, որ նոր աշխարհը գեղեցիկ է, բայց ես այստեղ շատ մենակ եմ, ու ուզում էի, որ ինչ-որ մեկը հետևիցս գոռա՝ «Սո՛ֆ», նույնիսկ ինչ-որ մեկը անցյալից, որ կյանքումս դեր չէր էլ ունեցել, բայց հասա պողոտայի վերջին ու ոչ մեկն այդպես էլ ձայն չտվեց:
No comments:
Post a Comment