Showing posts with label ինքնակենսագրական. Show all posts
Showing posts with label ինքնակենսագրական. Show all posts

Friday, January 7, 2011

Մարկես կարդացող աղջիկը

Առավոտյան 31 համարով տուն էի վերադառնում Բանգլադեշից: Չնկատեցի, թե ինչես կողքս մի աղջիկ նստեց:
Ես ժամանակ սպանելու համար բջջայինովս ինչ-որ բան էի խաղում, աղջիկը գիրք հանեց ու սկսեց կարդալ: Նման դեպքերում չեմ կարողանում ինձ զսպել: Աչքս գցեցի՝ «Մելկիադես» բառը տեսա:
«Cien años de soledad». միգուցե ամենաօրիգինալ տարբերակը չի, «Crónica de una muerte anunciada»-ն կամ «El coronel no tiene quien le escriba»-ն ինձ ավելի կուրախացնեին: Բայց դե, ցանկացած դեպքում:
Քանի դեռ կիսահիացած ծիկրակում էի գրքի վրա (կարոտել եմ, գրողը տանի. վերջին անգամ չորս տարի առաջ եմ կարդացել), իմ կանգառն եկավ:
«Ներեցեք, կարելի՞ է անցնել»:
Կողք քաշվեց, անցա, շրջվեցի ու ասացի.
«Ի միջի այլոց, հիասքանչ գիրք է»:

Sunday, December 19, 2010

Պատռված ջինսերի սերունդը #d7, «Արև որսացողները»

2005-ին Avalon ֆորումի երեխաներով որոշեցինք «միտինգ» (հանդիպում) կազմակերպել՝ արևածագը դիտելու նպատակով:
Դեպքերի նախապատմությանը ես դեռ կանդրադառնամ, այժմ բավական է միայն ասել, որ արդեն հինգ օր էր, ինչ փողոցում էի ապրում ու քնում էի Թամանյանի արձանի տակ:
Ցանկացած դեպքում, ես բավականաչափ սոված էի ու բավականաչափ սիրահարված, որպեսզի ընդունեի նրա հրավերը:

Saturday, December 18, 2010

Պատռված ջինսերի սերունդը #20, «The Æon»

Ինքնակենսագրական պատմություններն, իհարկե, կարևոր են, բայց եկեք չմոռանանք «պատռված ջինսերի սերնդի մասին»:
«Պատռված ջինսերի սերնդի» առաջացումից մոտ քառասուն տարով ուշանալով, ես քիչ բան կարող եմ պատմել ամենասկզբի մասին: Բայց կանեմ, ինչ կարող եմ:
Ի տարբերություն քյառթերի, որոնք բնականոն ճանապարհով «սուզվում» էին «պատռված ջինսերը» ձևավորվում էին լրիվ այլ մեխանիզմով: Այլ կերպ ասած, դա նեղ ու բավականին փշոտ սանդուղք էր, որից ընկնողները կամ մոտակայքով սուզվողները ձգտում են բռնել-քաշել իրենց հետ: Քո բարձրանալն ասես անձնական վիրավորանք ընդունեն:
Սանդուղքի տարբեր մակարդակների վրա հարթակներ կան՝ «Գագաթ» ցուցանակով: Ամեն հարթակի վրա տարբեր մարդիկ են նստած: Ոմանց համար դա ժամանակավոր ապաստան է, ոմանք իսկապես հավատում են, որ հասել են գագաթին: Ինչքան ավելի ես վերև շարժվում, այնքան ավելի քիչ են թե ընկնողները, թե սուզվողները, թե հանգստացողները:

Friday, December 17, 2010

Գրաֆիկի կրիտիկական մասսա

Տիգրանուհին որոշել էր Մանանի խաղալիքներից գնել (ի միջի այլոց, այ այստեղ կարող եք տեսնել, թե որ խաղալիքներից): Երկուսն ընտրել էր:
Մեծն կոմբինատորը (տո բիշ՝ ես) որոշեց ամեն ինչ իր ձևով անել: Ընտրեց ևս երկուսը, պայքարեց, որ ուրիշի ձեռքը չընկնեն, Մանանի հետ պայմանավորվեց հանդիպել, հանդիպեց, վերցրեց, նվիրեց Տիգրանուհուն:

Պատռված ջինսերի սերունդը #w10, «Հոսանքի աղբյուր-լարման աղբյուր»

Փոքր մորաքույս մեզ մոտ էր գալիս քննություններին պատրաստվելու: Հորս հետ միասին սխեմաներ էին գծում, մեջը՝ տարբեր մասեր: «Հոսանքի աղբյուր», «կոնդենսատոր», «դիմադրություն», «լարման աղբյուր»: Կոնդենսատորն ու դիմադրությունը ես գիտեի, թե ինչ են: Բայց հոսանքի աղբյուրն ու լարման աղբյուրը շարժեցին հետաքրքրությունս:

Tuesday, December 14, 2010

Պատռված ջինսերի սերունդը #6, «Առաջին սեր, կոնչերտո ջութակի ու նվագախմբի համար, ռե մինոր»

Եթե սպասում եք նոստալգիկ ու սենտիմենտալ պատմություն լսել իրար թաթիկներից բռնած զբոսնող դպրոցականների մասին, ապա հիասթափեցնեմ ձեզ՝ այդպիսի բան իմ մոտ չի եղել (էժանագին ռոմանտիկայի նոպաները մոտս սկսեցին բարձր դասարաններում ու ինստիտուտի ցածր կուրսերում):

Պատռված ջինսերի սերունդը #d2, «Օդային տագնապ»

«Ուշադրություն: Օդային տագնապ է: Առանց խուճապի անցեք ապաստարանները: Պահպանեք հանգստություն»:
Եթե ձեզ հետաքրքիր է, թե ինչ է նշանակում «ապաստարան», ապա կարող եմ վստահորեն ասել ձեզ. չգիտեմ: Բայց կարող եմ պատմել, թե որտեղ էինք թաքնվում, երբ հնչում էր Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի շչակն ու ռադիոն արտասանում էր «Ուշադրություն: Օդային տագնապ է» բառերը:
Պատերազմի հետ իմ առաջին հանդիպումը տեղի ունեցավ 89-91 թվականներին, երբ գյուղում էինք: Մարդիկ խոսում էին, որ պատերազմ է, շուրջս անընդհատ Կալաշնիկովի ավտոմատներով մարդիկ էին:

Պատռված ջինսերի սերունդը #8, «Երկրաշարժ» (1988)

Չեմ հիշում, ձյուն արդեն եկել էր, թե ոչ: Բայց այդ օրը հաստատ դրսում ձյուն չկար:
Չէ, ամեն ինչ սկսեց ավելի վաղ: Մենք գիտահետազոտական ինստիտուտի հանրակացարանում էինք ապրում, որտեղ աշխատում էր հայրս: Հալաբյանից երբ թեքվում ես դեպի Հանրապետական Հիվանդանոց, ուղիղ իջնում ես: Դեռ T-աձև խաչմերուկ չհասած՝ շուկայի նման փոքրիկ բան էր, խանութ, որի վրա գրված էր եղել «Շուկա», բայց ու-ի մասնիկը պոկվել էր ու մնացել էր «Շոկա»-ն: Եթե այդտեղից թեքվեք վերև, հետո արդեն ճանապարհը չեմ հիշում, կհասնեք մեր հանրակացարանը: Մեր բնակարանակիցները մի ընտանիք էին, որոնց հետ հիմա էլ ենք մոտիկ:
Կարելի է ասել, որ իմ վաղ մանկությունն անցել է ինժեներական շրջանում: Եթե ճիշտ եմ հիշում, էլի չորրորդ հարկում էինք ապրում: Ինչպես Կապանում: Ինչպես հիմա:

Պատռված ջինսերի սերունդը #12, «Ջհուդը»

Միզանտրոպիայի մեջ խրվելուց առաջ, մեղքս ինչ թաքցնեմ, հումանիզմ էի քարոզում՝ փորձելով հաշտություն հաստատել այս գրողի տարած երկրում բնակություն հաստատած բազմաթիվ գրողի տարած «իզմ»-երի զոհերի միջև: Բնական է՝ թերարժեքության կոմպլեքսով, անկրթությամբ ու քաղքենիությամբ ախտահարված ազգի մեջ գլուխ բարձրացրած նացիզմն էր հիմնականում թիրախս դառնում: Իսկ նացիզմը, չգիտես ինչու, ուղղված էր... հրեաների դեմ (հետագայում, իհարկե, իմացա, որ ոմն մի խելապակաս, հիտլերապաշտ անձնավորության ստեղծած «Մեկ Ազգ Կուսակցությունն» իր լուման ունի այս գործի մեջ՝ բայց այդ ժամանակ արդեն տարիներ էին անցել այս արժանահիշատակ դեպքից հետո):

Monday, December 13, 2010

Պատռված ջինսերի սերունդը #20, «Զելենոգրադ» (1986)

Եթե հավատանք հայտնի աղբյուրներին, այն է՝ ծնողներիս ու ծննդյան վկայականիս, ես ծնվել եմ 1986 թվականի սեպտեմբերի 23-ի գիշերվա երեքի կողմերը, Մոսկվայի «Соколиная гора» թաղամասի ծննդատանը: Ասում են՝ այդ «ռեյսին» ծնված մի քանի առողջ երեխաներից մեկն էի: Ու միակը, որը ծնվել էր երկար սև մազերով ու բակենբարդներով: Նման բան պատահում է, հետո այդ մազերը սովորաբար թափվում են: Իմ մոտ նրանք սպիտակեցին, հետո աստիճանաբար սկսեցին գույն ձեռք բերել:

Tonight's Music

Saturday, December 11, 2010

... and the moment's gone

- Կալումեում եմ, եթե գալու ես՝ արի: Մի ժամից պիտի դուրս գամ:
Մտա ներս: Աչքերով փնտրեցի Աղասին, մեկ էլ հետևիցս ծանոթ ձայն եմ լսում.
- Ապե, как дела?
Հնարավոր չի խառնել. Վարդանն է:
- Кстати, классный стиль одежды,- ասում է:
Մեկ էլ հետևիցս ինչ-որ մեկը գրկում է: Շուռ եմ գալիս՝ Ժիրաֆֆը: Գրկում ենք իրար ու մի լավ գոռում: Շատ ուրախ էի: Հետո տեսնեմ՝ աչքիս հաճելի մարդկանց մի խոշոր հատված այնտեղ է. Մանեն, MDP Էդոն, հետո՝ Նաստյան, Անյան, Վասյան, Թերմինան... Ափսոս՝ դու այնտեղ չէիր:
Աղասն անկյունում էր: Նստեցի կողքը՝ փոշու հոտով ներծծված բարձին: Դիմացի սեղանի աղջիկը սիգարետ հանեց ու կրակ խնդրեց: Աղասը կրակայրիչը մեկնեց, ես, մի վայրկյան ուշացումով՝ լուցկին: Ու միանգամից, սեփական դանդաղկոտությունից ու ավելորդությունից ամաչած-կարմրած, իջացրեցի ձեռքս: Աղջիկը ժպտաց, վերցրեց իմ մեկնած լուցկին: Հետո մի տղա նստեց կողքը, երևի ընկերն էր, երկուսով սիգարետները վառեցին ու տուփը ետ վերադարձրեցին:
- Տեսնես ինչի՞ քոնը վերցրեց: Իյա, հլա բերետդ հանիր:
Չմոռանամ նշել, որ բերետս հաջողակ է:)
Հա, հետո լավ էի: Նույնիսկ տաբասկոյով, տեկիլայով ու լիմոնի հյութով տարօրինակ խմիչքը, որ MDP-ն հյուրասիրեց, դրական էր:
Հետո հարբած դուրս եկանք փողոց, ու ես հասկացա, որ անցնող մարդկանց դեմքերին եմ նայում՝ այն հույսով, որ քեզ կտեսնեմ:
Ես սիրահարված եմ:
Վերջին դեռահասի պես:

Tuesday, December 7, 2010

Wild Mood Swings

Իսկ այ հենց հիմա լավ հետույքային տրամադրություն ունեմ: Էական պատճառ չկա, պարզապես դրական զգացողությունները սիրում են իրենց տակ թաղել իմ ագրեսսիան: Հետո, ինչ էլ լինի, ես դեռ մենակ նստած եմ տանը: Ինչպես միշտ: Որովհետև, որ այդպես նայենք, գնալու տեղ չունեմ:
Մյուս կողմից էլ, գնալու տեղ չունեցող մարդը կարող է գնալ ուր ուզում է:
Օմ մանի:
*********ն էր մոտս, սկզբում վիճեցինք նոտագրության ու տաբուլատուրայի մասին, հետո՝ թեոսոֆիայի ու մնացած ախմախ բաների, ու երբ մարդուն ապացուցում ես, որ իր կրոնի հիմքում կանգնած Ձյան գիրքը Ռասսելի թեյնիկի դասական տարբերակ է, մարդն ասում է, որ դրա վրա թքած ունի, մտածում ես. իհարկե, ամեն մարդ իրավունք ունի հիմար ֆանատիկ լինել, բայց ո՞ր մի գրողի ցավին ես դու պարտավոր որևէ ընդհանուր բան ունենալ նման ֆանատիկի հետ:
Օմ մանի պադմե հում, հանգստանում ենք, ամեն ինչ նորմալ է:

Վաղ գարուն

Ինչ-որ մի քիչ գժվել եմ, մի քիչ սիրահարվել, մի քիչ էլ տարօրինակ դող է ընկել մարմինս:))) մի հարցրեք, մի հարցրեք՝ ինքս չգիտեմ:
Չգիտեմ՝ ում, չգիտեմ՝ ինչպես:
Ձեր մոտ ձմե՞ռ է: Իսկ իմ մոտ գարուն է բացվել:
Ողջ եղեք:

P.S. Օրվա երաժշտությունը.

Monday, December 6, 2010

A Momentary Lapse of Reason

Մի հայտնի պաշտոնյա սովորում է չան-բուդդիստական ուսուցչի մոտ: Մի օր նա հարցնում է ուսուցչին. «Ի՞նչ է էգոիզմը»: Ուսուցչի դեմքի խաղաղ արտահայտությունը փոխվում է, դառնում է բարկացած, ու նա գոռում է աշակերտի վրա. «Ինչու՞ ես ինձ ձանձրացնում քո տափակ հարցերով»: Պաշտոնյան նույնպես բարկանում է ու գոռում ուսուցչի վրա. «Ինչպե՞ս եք համարձակվում գոռալ իմ վրա»:
Ուսուցիչը նորից խաղաղվում է ու ասում. «Այ, սա է էգոիզմը»:

Friday, December 3, 2010

Կարեն, գիշերը ձեր տան մոտ էի: Ռելսերի կողքի խողովակների վրա: Ողջ եղիր:
Մնացած առումներով՝ ամբողջ գիշերը փողոցներում թափառելուց ու Հյուսիսային պողոտայում գիշերվա ժամը 5-ին «Օմ մանի պադմե հում» երգելուց հետո (Կի՜ր, ներիր, ախր շատ ցուրտ էր, մենք էլ՝ որոշ չափով հարբած) ծնկներս գրեթե չեն աշխատում: Այն իմաստով, որ ուռել են, ցավում են ու ինձ կանգնած վիճակում չեն պահում:
Բայց լավ եմ:
Մտածում եմ նորից ընդունվելու մասին: Ասենք՝ ժուռնալիստիկա: Կամ հոգեբանություն: Ցանկացած բան: Չէ՞ որ հիմա իսկապես ազատ եմ ընտրել)

Sunday, November 28, 2010

Պարանոյա

Ես պարանոիկ եմ: Համենայն դեպս, այդպես է թվում: Իմ շրջապատի տարբեր մարդկանց նայելիս միանգամից տեսնում եմ, թե ինչպես ու ինչ հանգամանքներում ինձանից երես կթեքեին: Ում հետ համախոհ լինելու պատճառով: Եվ այլն:
Ամենավատն այն է, որ պարանոյաս երբեմն արդարանում է: Օրինակ... լավ, անուններ չեմ տալիս: Բայց միևնույն է, աշխարհում ավելի վատ բան չկա, քան տանը փակված պարանոիկը:
Երբ ինչ-որ մեկը պետք է գա մոտդ, ժամը հինգն է՝ չկա, զանգահարում ես՝ անհասանելի է, ոչ ոք չի կարող պատասխան տալ, ու միգուցե պետք էլ չի պատասխան մի հարցին, որի հանգամանքներին ոչ մի կերպ ծանոթ չես: Իսկ պարանոյան տալիս է պատասխան: Ու շատ մեծ է նրա ասածը գոնե լսելու գայթակղությունը:
Երբ ընկերներիցդ մեկը սկսում է գովել թշնամիներիցդ մեկին, պարանոյան ականջիդ շշնջում է՝ շուտով:
Պարանոյան ունի բոլոր հարցերի պատասխանը: Ի՞նչ հոգ, եթե այն հաճախ ստում է: Կռացիր, ականջ դիր: Ու կխելագարվես:

Friday, November 26, 2010

Երանի այն ժամանակներին, երբ մենք խոսում էինք երգերի բառերով, իրար համար երգերի դիսկեր էինք ձայնագրում, որոնք փոխարինում էին նամակներին: Երանի այն ժամանակներին, երբ կարող էիր ամբողջ գիշեր թափառել քաղաքով, ուզեիր՝ մերկ, ուզեիր՝ ձեռքերի վրա քայլելով, ու քաղաքը քնած էր, ու քաղաքը քոնն էր:
Երանի այն ժամանակներին, երբ լեկցիաների տետրի մեջ կարելի էր սիրած աղջկան բանաստեղծություններ նվիրել:
Գիշերային ժողովուրդ, կենացդ: Կեցցե 2005 թիվը:

Wednesday, November 24, 2010

Վաննա, գեղեցկության սալոնին վայել (ներառյալ ցեխի դիմակ ու թեյապարկեր՝ աչքերի վրա), կարկադեով թեյ, բրդե ծածկոց, տաքացուցիչ, Ռոբերտ Մայլսի «Օրգանիկն» ու լիակատար մենակություն՝ դեղ ցանկացած դեպրեսսիայից:
Իսկ դեռ առավոտը ճնշվածության զգացողությունն էլի վրա էր տվել:
Կարդում եմ Արսի «Կարմիրը և սևը» շարքը: Մի օր Արսն ինձ ծիծաղից կսպանի))
Ողջ եղեք: