Վիրուսը, ծակել-անցնելով բջջաթաղանթը, շպրտում է իր պատյանը, մուտք է գործում բջջի կորիզի մեջ ու սկսում է կրկնօրինակել սեփական ԴՆԹ-ն: Մինչև բջիջը վերածվում է վիրուսի կրկնօրինակներով լցված թաղանթի:
Քյառթերն իրականում սերունդ չէին: Ետին պլան՝ լավագույն դեպքում: Դրա համար էլ նրանց կանցնենք առանց երգի ու համարի:
Հիմա, երբ հին արժեքները չեն գործում, ամեն «ախպերս, ցավդ տանեմ»-ով խոսացող կարող է ինքն իրեն քյառթ համարել: Իսկ ժամանակին քյառթերը թերությունների ստերեոտիպային կուտակումներ էին:
Չէ, իրոք, մտածեք: Ամեն մարդ կարող է լինել.
- հիմար
- անգրագետ
- սպեցիֆիկ բառապաշարով
- անճաշակ հագնվող
- հոմոֆոբ
- քսենոֆոբ ընդհանրապես (մասնավորապես՝ ատել հրեաներին, ռուսներին, հնդիկներին, սևամորթներին, պարսիկներին, պարսկահայերին, սփյուռքահայերին ընդհանրապես, ռոքերներին, (այ, այս մեկն ընդհանրապես բացում է) ռեպպերներին, ամերիկացիներին և այլն)
- ագրեսսիվ
- վախկոտ
- կյանքի գինը չիմացող
- տարօրինակ հավատալիքների տեր
- սպեցիֆիկ ու հաճախ գրոտեսկային մակարդակի հասնող խոսելաոճի ու լեքսիկոնի տեր
Բայց քյառթերն իրենց մեջ միավորում էին այդ ամենը: Իսկ ամեն ինչ այնքան անվնաս էր թվում սկզբում. երեխաները փորձում էին իրենց մեծ զգալ: Ծխում էին, կոստյում էին հագնում, հայհոյում էին, խմում էին, պոռնո էին նայում: Բրախած բալիկներ: Դասարանում էլ կային. անլվա, հաճախ՝ ոջլոտ, անուղղելիորեն միայն «երկու» ստացող: Լավագույն դեպքում, ուսուցչուհիների բարության շնորհիվ նրանք դասարանից դասարան էին անցնում: Իսկ երբ չէին անցնում, սկսում էին խնդիրները. դասարանում հայտնվում էր սովորելու ու սովորողների վրա չարացած, տարիքով մեծ ու մարմնապես խոշոր մեկը, որը բռունցքներով արագ հեղինակություն էր վաստակում «ճժերի» մեջ: