Մանկությանդ հարսնյակի մեջ փակված, կարողանում ես զգալ, թե ինչքան մեծ է աշխարհը, ու անընդհատ մտածում ես՝ դուրս գալ, ողջունել աշխարհը, գրկել այն:
Ու դուրս ես գալիս.
«Բարև, աշխարհ: Ահա և ես»:
Իսկ աշխարհը.
«Պաաա, հլա սրա մազերին նայի... Ապե դու ռոցկ ե՞ս լսում... Արա էսի գոմիգ էլ կլինի...»
Ու, մանկական միամտությամբ մտածում ես, որ աշխարհը սխալ է, որ իրականում վատ մարդիկ չկան, որ ամեն մեկի մեջ լավը տեսնելով կարող ես փոխել աշխարհը:
Հետո հասկանում ես, որ կան վատ մարդիկ: Ու կան լավ մարդիկ, ովքեր կարող են քեզ փշրել, որովհետև դու կանգնած էիր նրանց ճանապարհին: Ու որ ինչ էլ մարդկանց մեջ տեսնես, փոխվուն են ոչ թե նրանք, այլ քո իլյուզիաները նրանց մասին: Մարդիկ միշտ նույնն են:
Ու կռիվը քեզ սովորեցնում է գազան լինել: Որովհետև քո մեջքի հետևում ոչ ոք չկա: Միայն սառը պատ: Ոչ ոք քո մասին հոգ չի տանի: Կարող ես լինել նրանցից մեկը, կամ էլ ժանիքներդ մերկացնել ու մռնչալ. չմոտենաս, կսպանեմ: Իսկ եթե մոտենա՝ սպանել:
Հետո հասկանում ես, որ կան նաև լավ մարդիկ:
Իսկ հետո հետ ես նայում, ու տեսնում, որ իրականում չես փոխվել: Պարզապես սկսել ես ավելի լավ ճանաչել ինքդ քեզ, ավելի պարզ ընկալել: Ավելի ազնիվ լինել ինքդ քո հետ: Ներել ինքդ քեզ: Որովհետև ուրիշ ոչ մեկը չի ների:
Ու նայում ես առաջ՝ դեռ ինչքան ճանապարհ ունես գնալու:
No comments:
Post a Comment