Վերջին գրառմանս մեջ պաթոսը ելել, ինձ կերել էր: Ինչի համար ներողություն եմ խնդրում: Ու ընդհանրապես, շատ ոչ կոնսիստենտ եմ գրում: Պետք է ուղղվել:
Թվում է՝ գրելու բան չկա, ոչ մի բան տեղի չի ունենում, հետո մի քիչ հետ ես նայում, ու տեսնում ես, որ պարզապես ինքդ ես հեռացել ամեն ինչից ու սեփական քթիցդ հեռու ոչ մի բան չես տեսնում:
Այնինչ այնքան բան է տեղի ունենում, ու ոչ առանց քո մասնակցության:
Սկսեց նրանից, որ նոր բաղադրատոմս հորինեցի, հենց տեղում. բեկոն, բաստուրմա, «Լոռի» պանիր (չգիտես ինչու՝ «Չանախ» պանրի գործարանի արտադրության:)))): Երեքն էլ՝ բարակ կտորներով: Բեկոնը՝ մոտ երեք անգամ ավելի լայն, քան բաստուրման, պանիրը՝ բաստուրմայի երկարության: Բեկոնի մեջտեղով դնում եք բաստուրման, վրայից՝ պանիրը, բեկոնը փաթաթում եք, կենտրոնում ամրացնում ատամմաքրիչով: Ու այդպես՝ քանի հատ ցանկանաք: Քիչ ձեթով տապակում եք մի կողմից, մինչև կարմրա-նարնջագույն երանգ ստանան եզրերը: Անընդհատ շարժում եք, բայց չեք սեղմում, որ պանիրը դուրս չհոսի: Հանելիս ատամմաքրիչը թեք սեղմում եք, որ մինչև կենտրոնն անցնի ստացված «ռուլետի» միջով, ու դուրս հանում: Եթե ամեն ինչ ճիշտ եք արել, պետք է որ այս ամենն իրականացնեք առանց տհաճ միջադեպերի:
Ուտել տաք, առանձնահատուկ հաճելի բան է:
Հետո քրոջս (փոքրի) հետ պիցցա պատրաստեցինք:
Մի փոքր առաջ էլ եկավ Հարե Կրիշնա աղանդի ներկայացուցիչ մի մարդ, մեկ-մեկ գալիս է ու գրքեր է վաճառում: Իմ մոտի ամբողջ կրիշնաիտական գրականությունն իր մոտից է: Բայց սովորական գրքեր էլ կան: Առիթը բաց չթողեցի՝ գրադարակս մի փոքր հարստացնել: Այս անգամ՝ Ջեկ Լոնդոնի մի հատոր («Սմոք Բելյու», «Մեծ տան փոքրիկ տիրուհին») ու Զենոն Կոսիդովսկու «Երբ Արևը աստված էր» գիրքը: Եթե հետաքրքիր է, մի փոքր պատմեմ վերջինի մասին: Այն իր էությամբ նման է Ն. Կունի «Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները» ու Կերամի «Աստվածներ, դամբարաններ, գիտնականներ» գրքերի համատեղմամը, միայն թե այս անգամ, բացի Հին Հունաստանից, Հին Եգիպտոսի, Միջագետքի, ացտեկների առասպելաբանությունն էլ է ուսումնասիրվում: Էլի սովետական ձևով արհեստականորեն կոնսիստենտացված շարադրանք (կոմունիստները նույնիսկ առասպելաբանության մասին գրքերի մեջ նույն հարցի շուրջ երկու կարծիք չեն հանդուրժում), էլի չափազանց կրճատված է և այլն: Բայց, ինչ էլ լինի, բավականաչափ մաքուր աղբյուր է:
Ափսոս, որ միայն հիմա է ձեռքս ընկնում: Եթե այս գիրքն էլ ունենայի չորրորդ դասարանում, ուսումնասիրությանս ինտենսիվությունը կտրուկ կաճեր:
Ինչևէ, ժամանակն է լրացնել բաց թողնվածը:
No comments:
Post a Comment