Վահեն կանչեց վիսկի խմելու (այո, երկրորդ օրն է՝ վրա-վրա խմում եմ, այս անգամ ավելի ինտենսիվ եմ հարբած), ասաց՝ կես շիշ մնացել է: Դե, գիտեք ինձ, էլի: Անջատված մարդ եմ: Ու սովոր եմ, որ կողքս մարդիկ իրենց արտառոց են պահում: Էական չի՝ սեփական անճարպկությունից, անկապ, թե իսկապես պատճառ չկա:
Երբ տեսա, որ երթուղայինում մի տարեց ուղևորուհի (կարծում եմ՝ մաթեմատիկայիս դպրոցական ուսուցչուհին էր՝ Անահիտը, բայց համոզված չեմ) տեղից վեր կացավ, անցավ ետևի շարք, հետո շտապ վերադարձավ առաջին շարք, ուշադրություն չդարձրեցի: Ուշադրություն չդարձրեցի նաև առաջին շարքի մոտ քարացած երիտասարդ աղջկան: Բայց հայացքս ինձանից անկախ թափառեց այդ ուղղությամբ ու կանգ առավ նստարանի վրայի երկարամարմին մեղվակերպ միջատի վրա: Աղջիկը խնդրեց.
- Կսպանե՞ք, եթե խնդրեմ:
- Ազնիվ ասած,- պատասխանեցի ես,- չեմ սպանի: Բայց դուրս կգցեմ:
ՀԿ-ի այցեքարտով փորձեցի բռնել, տանել, ընկավ ծնկիս, բայց չխայթեց: Նորից վերցրեցի:
- Դուռը բացե՞մ,- հարցրեց աղջիկը:
- Բացիր,- ասացի ես:
Հետո նետեցի դուրս՝ այնպես, որ անիվների տակ չընկնի: Միգուցե մի քանի վայրկյանի կյանք շահեց: Բայց ես նրան գոնե հնարավորություն տվեցի:
Տարեց տիկինն ասաց.
- Այ, դու ճիշտ արեցիր: Դե, մենք վախենում ենք: Տեսա՞ր, խայթն ինչպես էր սրել:
- Դե, կարծում եմ՝ նա ավելի էր վախեցել: Դուք նրան եք վախից ցանկանում սատկացնել, նա էլ ձեզ է ուզում խայթել:
- Իսկապես ճիշտ արեցիր: Ամեն կենդանի բնության մեջ իր տեղն ունի: Այ, եթե ծանոթ եք Աստվածաշնչին...
- Հավատացյալ չեմ:
- Հա՜:
Ուսուցչուհի Անահիտն էլ էր հավատացյալ: Լավ կին էր: Ամենախիստ ուսուցչուհին, որին հանդիպել եմ: Բայց խստությունն էլ, մարդկային որակներից կախված, տարբեր է լինում: Ուսուցչուհի Անահիտինը պատասխանատվության խստություն էր:
Բարեկամությունում իջա, մետրո նստեցի: Բաղրամյանում մի կին նստեց. թափառաշրջիկ կին է, առաջ էլ եմ տեսել: Խելապակաս է, քայլում է փողոցով ու ինքն իրեն խոսում: Ծանոթներիցս մեկը մի անգամ ասաց՝ համենայն դեպս, նա երբեք մենակ չի լինի:
Նստեց գնացք ու սկսեց հայհոյել: Ամենավերջին հայհոյանքներով: Իսկ երբ ես եմ ասում, որ ամենավերջին հայհոյանքներն էին, ուրեմն իսկապես այդպես է: Այնքան ագրեսսիա կար նրա մեջ: Իսկ վագոնում՝ երեխաների հետ կանայք ու էլի մի քանի մարդիկ: Մեկն ասաց, որ դադարեցրի. կինն իր հայհոյանքներն ուղղեց այդ մարդուն: Բայց միևնույն է՝ ասես անընդհատ նույն մարդու հետ խոսեր:
Ամեն կայարանում ուղևորներն ասես փորձեին վճռականությունը հավաքել ու դուրս գալ գնացքից, բայց վագոնի դուռը բացվում էր ու նոր մարդիկ էին լցվում: Մեկը կնոջ լռության հազվադեպ պահերին դժբախտություն ունեցավ կանգնել նրա դիմաց:
- Կարո՞ղ ա մի հատ էլ գիրկս նստես,- ասաց խելագարը:- Հլա ռա՛դ եղի տեղից:
Հետո մտածեցի, որ աշխարհն ամբողջական չի: Այս բոլորին ու ոչ մեկին հայհոյող ու անիծող խելագարի հետ նույն վագոնում պետք է լիներ ևս մի խելագար՝ բոլորին ու ոչ մեկին օրհնող ու բարիք մաղթող: Սպիտակահեր ծերուկ, ով Գեյմանի «Sandman»-ի հերոսներից մեկի նման ծաղիկներ կբաժաներ աղջիկներին:
Ու այդ ժամանակ ես կնստեի նրանց միջև:
No comments:
Post a Comment