Բավականին սարսափելի ճնշվածության զգացողություն ունեի: Չգիտեմ, անընդհատ սևեռուն մտքեր են: Գնալու մասին: Գործերս գրեթե ամբողջությամբ դասավորել եմ, «Requiem»-ը կտպագրվի, բանաստեղծություններիս ժողովածուն՝ նույնպես: Տիգրանուհին այդ ամենի մասին կհոգա:
Հետո Գրիգը գրեց, կանչեց իր մոտ: Տրամադրությունս էլի չփոխվեց: Գիտե՞ք, դա ինչպես է լինում: Քեզ զգում ես անկյուն քշված գազանի նման: Գնալու տեղ չունես: Ամբողջ աշխարհում ոչ մի տեղ քո համար տեղ չկա: Աշխարհը նորմալ է, իսկ դու՝ ավելորդ:
Ավելորդ:
Հետո լրիվ անսպասելիորեն տրամադրությունս ուղղվեց: Ամենապարզ ձևով: Ֆիլմ դիտեցինք միասին: Ֆիլմ, որը բազմիցս դիտել էի դրանից առաջ: Ու դիտեցի, ինչպես առաջին անգամ: «Dead Poets Society»: Գիտեմ, ֆիլմերի տված իմպուլսը կարճատև է: Բայց էլի չեղածից լավ է: Կարելի է ասել, որ ես գրքերից ու ֆիլմերից մուրում եմ այն իմպուլսը, որը չեմ ստանում մարդկանցից: Ինչքան էլ որ մարդիկ հաճախ իմ աշխարհից դուրս լինեն, հենց իրենց շրջապատում եղածից լավը ստեղծելու գոնե փորձ անելու անկարողությամբ, որոշ ֆիլմեր իմ աշխարհից են:
Շատ մարդիկ սա իրականությունից փախուստ կանվանեն: Բայց ո՞վ կարող է սահմանել, թե ինչ է իրականությունը:
Եթե նկատել եք, ես գրառումների շարք ունեմ՝ «անհայտ մարդկանց կենսագրություններ» ընդհանուր խորագրի տակ: Դրանք մարդիկ են, որոնց երբևէ չեն հիշատակի պատմության գրքերում: Ու առանձնապես չեն էլ հիշի: Բայց այդ մարդիկ ինչ-որ կերպ կարողացել են ինձ հուզել: Իրենց ապրած կյանքով, իրենց էությամբ, իրենց մահվամբ:
Թե ինչու դա ասացի: Չգիտեմ, երևի ուզում էի ասել:
No comments:
Post a Comment