Ակումբ.am-ում գրառում էի կատարում, մի քիչ շատ փիլիսոփայեցի: Այնպես որ, թող այստեղ էլ մնա:
Եթե անդրադառնանք Հաննիբալ Լեկտորին, ապա նա.
ա) էսթետ է
բ) դիտորդ է
գ) մանիպուլյատոր է
դ) դատավոր է
ե) գուրման է
զ) էքսցենտրիկ է
է) «չարից ու բարուց այն կողմ է»
Մարդկային տեսանկյունից Լեկտորը «հրեշ» է: Ինչու՞: Քանի որ մարդիկ «հրեշ» են անվանում ամեն ինչ, որն իրենցից ուժեղ է ու սննդային շղթայի վրա իրենցից բարձր է գտնվում: Մարդկանց համար հրեշ է իրենց նկատմամբ նույն դիրքը գրավող էակը, ինչ իրենք են գրավում մյուս կենդանիների համար: Օրինակ՝ գառների: Նման դեպքերում մարդիկ միավորվում են, որ հաղթեն «հրեշին»:
Ինչո՞վ է արդարացվում նման երկերեսանիությունը: Հումանիզմ (ոչ թե «մարդասիրությու», այլ «մարդակենտրոնություն, հոմոցենտրիզմ» իմաստով) կոչվող աշխարհայացքն ու հումանիստական կրոնները (մասնավորապես՝ քրիստոնեությունը): Ըստ հումանիստական տեսանկյունի, մարդը հանդիսանում է աշխարհի պսակն ու աշխարհը ստեղծված է մարդուն ծառայելու համար: Ամեն ինչ, որը գտնվում է մարդուց վերև, կամ աստվածացվում է, համարվելով «աշխարհից դուրս» ու «աշխարհից մեծ», կամ հայտարարվում է «հրեշ»՝ հումանիստական տեսանկյան հերետիկոսություն, որը ենթակա է ոչնչացման: Այնպես որ, եթե Լեկտորի վարքը մարդկանց համար սարսափելի է թվում, միևնույն է՝ նա ոչ մի բանով վատ չի մնացած մարդկանցից: Կաննիբալիզմի տաբուն՝ մարդկային հասարակության երկու հնագույն տաբուներից մեկը խախտելով, նա մարդկանց մեջ, իհարկե, սարսափ է սերմանում. մարդիկ միշտ սարսափում են, երբ ինչ-որ մեկն անում է մի բան, որը նրանց կարծիքով անհնարին էր: Նույնն էլ երկրորդ տաբուն. ինցեստը: Հիշու՞մ եք, ինչ հասարակական սարսափ առաջացրեց Բայրոնի ու Ավգուստայի պատմությունը:
Հարցը նրանում է, որ մարդիկ միշտ սարսափահար են լինում, երբ իրենց տաբուները խախտվում են: Հասարակությունը երբեք չի ներում խախտողներին:
Օրինակ, ինչու՞ չկա սպանության տաբու: Քանի որ սպանությունն իր էությամբ չի սպառնում հասարակության հիմքերին: Ավելին, այն հաճախ ծառայում է հասարակության շահերին. պատերազմներում, հանցագործներին պատժելիս, ինքնապաշտպանության դեպքում և այլն: Սպանությունը ռեսուրս է, որն անհրաժեշտ է կառավարելի դարձնել:
Այնպես որ, Լեկտորը հոգեկան հիվանդ չի: Նա թեև երբեմն սադիզմի տարրեր է արտահայտում, դա ավելի շատ հետաքրքրասիրություն է, քան իրական դաժանություն (համ էլ, նման ախմախ անտագոնիզացիայի համար էլ տանել չեմ կարողանում երկրորդ ֆիլմը): Նա այնպիսին է, ինչպիսին է: Ու հասարակությունը չի պատրաստվում նրան թույլ տալ գոյություն ունենալ:
No comments:
Post a Comment