Արդեն տաքություն չունեմ: Տրամադրությունս էլ, ինչպես երևում է, սկսեց բացվել:
Սաֆարին ափդեյթից հետո սկսեց աշխատել Վիստայի վրա, ուրախությանս չափ չկա: Ընդհանրապես, եթե ինչ-որ մեկը չի օգտվել Սաֆարիից, ինքը չգիտի, թե ինչ ա իսկական բրոուզերը: Ինչքան տանջվեցի Օպերայի քմահաճությունների պատճառով: Օրինակ, վերջինը, որը կարծես թե վերջն էր իր վիդջեթներով ու մնացած համով բաներով, Ֆեյսբուք խրոնիկապես հրաժարվեց լոգին լինել: Ինտերնետ Էքփլորեր 8-ն առաջին մի քանի օրը լավ աշխատեց, նույնիսկ զարմացել էի: Մինչև Էջաքսով էջ մտա: Օրինակ՝ ֆոտոբաքեթ: Ու սկսեց ամեն տառը գրելուց մտածել... Մոզիլլայի հետ ուրիշ պատմություն է: Մի քանի ժամ աշխատանքից հետո սկսում է հիշողությունն այնպիսի տեմպերով խժռել, որ ԱյԹյունսս սկսում է կտրտել:
Բայց Սաֆարին, իմ սիրտը պատկանում է կծած խնձորներին:
Տակ, տեխնիկական բաժինը փակենք, անցնենք գրականին: Քանի որ վաստակաշատ ֆենտեզի կարդացող եմ, մի քանի խորհուրդ տամ սկսնակ ֆենտեզի գրողներին անտագոնիստների մասին:
Մոտիվացիա: Ժողովուրդ, ձեր բացասական հերոսների մոտիվացիան եթե համոզիչ չլինի, քանի թուր էլ տաք ձեռքերը, օրկերի քանի հազարանոց բանակ էլ դնեք ետևը, նա համոզիչ չի դառնա: Իսկ մոտիվացիան ընտրելիս զգույշ եղեք, որ մոտիվացիան համապատասխանի անտագոնիստի անհատականությանն ու մասշտաբին: Ցանկացած դեպքում, անտագոնիստների դասակարգման համար կարելի է կիրառել ռեսլինգում կիրառվող տարբերակը.
Crazy heel
Գժված տիպ: Վտանգավոր, անկանխատեսելի: Հաճախ մեղադրում է ուրիշներին իր անհաջողությունների մեջ, առանց պատճառի հարձակվում սրա-նրա վրա: Ամենից հաճախ ձգտում է ճանաչման կամ իշխանության: Օրինակ՝ Հերոստրատը:
Monster heel
Հրեշ, ուրիշներին իր ուժով բազմակի գերազանցող, ամեն ինչ իր ճանապարհին ոչնչացնող անտագոնիստ: Երբեմն՝ նպատակ չունենալով դա անել: Օրինակ՝ Քինգ Քոնգը:
Egotistical heel
Էգոիստ: Ունի նպատակ, որին հասնելու համար պատրաստ է չափից դուրս հեռու գնալ ու զոհաբերել ուրիշ մարդկանց կամ նրանց նպատակները: Կարող է ձգտել փողի, իշխանության կամ այլ բաների: Սովորաբար մակերեսային տիպ է, նրան անիմաստ է գլխավոր անտագոնիստ դարձնելը: Սովորաբար այդպիսի հերոսներն իրենց ագահության պատճառով պրոբլեմներ են ստեղծում թե իրենց, թե ուրիշների համար: Օրինակ՝ Սուպերմենի թշնամի Լեքս Լյուտերը: Քանի թողարկում էին հեղինակներն ապարդյուն նրան տարբեր հատուկ զենքեր ու սուպերուժերով օգնականներ տալիս, ներառյալ կրիպտոնիտը՝ քարը, որը Սուպերմենին զրկում էր իր ուժերից: Միևնույն է՝ Լյուտերը «համոզիչ չէր»: Իսկ Բեթմենի «Ջոկերը» (Crazy heel) միանգամից «կպնում է սրտիդ»:
Popular heel
Անտագոնիստի հատկանիշներով օժտված հերոս, ներկայացված դրական կոնտեքստում: Նա կարող է խաբել, խորամանկել, ահաբեկել, մասսայական ջարդեր ու ավերածություններ կազմակերպել, բայց մնալ ընթերցողի սիրելին: Մայքլ Մուրկոկը, դատելով առաջին գրքի նախաբանից, փորձել է իր Էլրիկին ստեղծել այս կատեգորիայի մեջ, բայց անհաջող. Էլրիկն իրականում «չարյաց փոքրագույն» ու «հանգամանքների զոհ» կատեգորիայի պրոտագոնիստ է: Ինչն է մեղավորը. Մուրկոկի մոլուցքն Էլրիկի ամեն քննադատելի արարքի համար արդարացում գտնել: Այս դասի հիանալի ներկայացուցիչներ են Ալան Մուրի V-ն ու Ֆրենկ Միլլերի «Մեղքերի Քաղաքի» Դուայթը: Հաճախ նրանց կարելի է բացատրել «նպատակն արդարացնում է միջոցները» սկզբունքով:
Delinquent heel
Հակահասարակական, «քյառթու» տիպ: Փորձում է վախեցնել մարդկանց, ճնշել, վանդալիստական վարք է ցուցաբերում: Նա հերոսի հետ նույն միջավայրում է ապրում ու բոլորին ստիպում է խաղալ իր կանոններով: Իսկ իր կանոններով նա միշտ հաղթող է, հակառակ դեպքում նա ազատ է փոխել կանոնները: Գլխավոր անտագոնիստ դարձնելու համար անհրաժեշտ է ուրիշ կարգերի գծերի հետ միախառնել ու մեծ վարպետություն ցուցաբերել:
Foreign heel
Այս կետում շեղվենք ռեսլինգային բնորոշումից ու տանք նոր սահմանում. նա «օտարածին մարմին» է հերոսի աշխարհի համար, աշխարհը կասկածի տակ է դնում նրա գոյության իրավունքը, դրանով նրա վրայից հանելով ցանկացած բարոյական պահանջ: Մարդկանց տեսանկյունից նա հրեշ է: Կարող է լինել նվաճող կամ ինքնապաշտպանվող: Օրինակ՝ «Մատանիների Տիրակալի» Սաուրոնը:
Իհարկե, սրանք միայն «թելեր» են, իսկ լավագույն անտագոնիստները միայն մի թելով չեն հյուսվում:
No comments:
Post a Comment