Tuesday, March 30, 2010

Ոչ առօրեական առօրյա

Թիվիում գործ ունեի, մի քանի սուբտիտրեր փոխելու հարց էր (համ էլ, լոգոյի փողը ե՞րբ եք տալու): Պատկերացրեք, ֆիլմի ցուցադրման իրավունքը գնվում է կինոընկերությունից, բայց ֆիլմը վերցնում են մեկ այլ կազմակերպությունից, որը սատանան գիտի որ տեղից այդ ֆիլմը գտնում է, թարգմանում, սուբտիտրեր դնում ու տալիս մերոնց: Հիմա պատկերացրեք. հայթհայթած ֆիլմը, սուբտիտրերով հանդերձ, տակի տողում չինական գովազդներ է պարունակում: Թիվին (ի դեմս Թոմիկի) զանգում է ինձ, ես գնում եմ թիվի, սուբտիտրերն առանձնացնում եմ ֆիլմից, սև ժապավենով ծածկում-մոնտաժում եմ չինական գովազդները, սուբտիտրերը նորից դնում եմ իրենց տեղը: Ինչից հետո, ինչքան էլ սիրտս դրանից չցավա, ֆիլմը գնում է ցենզուրվելու: Իրանական հեռուստաընկերությունների ցենզուրան լրիվ պատմություն է. մի անգամ նրանք ֆիլմի մեջ լվացքի պարան են ցույց տվել, որի վրա կանացի ներքնազգեստ էր: Իրանական արտադրության պառավները զանգել ու բողոքել էին:
Մի անգամ այդ ցենզուրայի պատճառով զվարճալի պատմություն է եղել. իրանական մի հեռուստաընկերություն գնել էր ճապոնական «Աղքատություն Ու Անառակություն» սերիալի ցուցադրման իրավունքը: Ֆիլմի հերոսուհին «երազանքներով տոգորված» հեռանում է տնից ու աղքատության մեջ է ընկնում, ինչի պատճառով սկսում է մարմնավաճառությամբ զբաղվել: Ֆիլմում նույնիսկ էրոտիկ տեսարաններ կային: Իրանում սյուժեի բոլոր սեռական ենթատեքստով գծերը կտրել էին վերնագիրն էլ թարգմանվել էր՝ «Օտարության Մեջ»: Արդյունքն այնքան տարբեր էր ստացվել օրիգինալից, որ ճապոնացիներն իրանացիներից գնել էին այդ նոր տարբերակը ցուցադրելու իրավունքը:)))



Վերադառնալիս արդեն բավականին ուշ էր, գնացի կանգառ: Եկավ 46-ս՝ բավականին լիքը: Ետևից մի ուրիշ 46 էր կապած, դատարկ (հետո վարորդն ասաց, որ ռեյսի ընթացքում շարժիչը «խփել» էր0): Մի մարդ մոտեցավ, երկրորդ 46-ի վարորդին հարցրեց՝ նստե՞մ: Ու նստեց: Դե, մնացածն էլ նստեցին, ես էլ նրանց մեջ: Ահավոր ծիծաղելի էր, երբ ինչ-որ մեկն ասում էր՝ կանգառում կպահեք, վարորդը բացում էր դուռն ու գոռում՝ Գագո՜ (ասենք թե), կանգա՜ռ կանես մի անգամ էլ գոռաց՝ էս պավառոտից հետո քեզ ետմահու հերոս են տալու:)))
Ասեմ, որ երկու օր է, ինչ տաքություն չունեմ, արդեն դուրս եմ գալիս տնից:

No comments:

Post a Comment