Sunday, March 28, 2010

Դոպլերներ

Խորհուրդ եմ տալիս՝ զգուշացիր դոպլերներից: Երբ հանդիպես նրան, նա լքված, աշխարհից նեղացած, դատարկված կլինի: Միանգամից փնտրիր այն մարդուն, ով լեղապատառ փախել է նրանից. եթե այդպիսին կա, ապա դու գործ ունես դոպլերի հետ:
Դոպլերը միանգամից շատ ընդհանուր բան կունենա քո հետ: Նա քեզ շատ հետաքրքիր կհամարի, կլսի քեզ, կհասկանա բոլոր հարցերում: Ոչ թե կձևացնի, այլ իսկապես կհասկանա. ու դա ամենասարսափելին է:
Դոպլերը քեզ սպունգի նման կքաշի իր մեջ: Քո երաժշտական ճաշակը, հագնվելու, գրելու, խոսելու ոճը, բառապաշարը, հիշողությունները. ամեն ինչ: Մինչև մի օր ձեր տարբերությունն աննշմարելի չդառնա: Դոպլերը սնվում է մարդկանց ներքնաշխարհով: Երբ դա տեղի կունենա, դոպլերը կհայտարարի, որ ինքն է օրիգինալն ու կասկածի տակ կդնի քո գոյության իրավունքը: Կոչնչացնի քո հեղինակությունը, հասարակական դիրքը, կփչացնի կյանքդ, մարդկանց քո դեմ կտրամադրի, որ դու միշտ ստվերում մնաս: Դոպլերը քո կյանքով է ապրում:
Ինչպե՞ս պայքարել դոպլերի դեմ: Երբ տեսնես նրան, շրջվիր ու գնա, առանց ետ նայելու: Մի թույլ տուր որ նա խղճահարությունդ կամ համակրանքդ շահի: Հենց նրա հետ ընդհանուր բան տեսնես, դատապարտված ես: Իսկ եթե բռնվել ես ու դոպլերն արդեն քեզ ստվերն է հրում, մի դիմադրիր: Դա հենց քո հաղթաթուղթն է: Թաքնվիր ստվերում: Մի մոռացիր՝ դոպլերը դու չես: Կորցնելով քեզ, նա հոգեբանորեն ավելի ու ավելի «կճարպակալի», կպատվի արհեստականություններով ու ձևականություններով: Եթե բավականաչափ շատ է կրկնօրինակել քեզ, դեռ որոշ ժամանակ կպահանջվի, մինչև նա դուրս կգա քո թաղանթից ու նորից իր խղճուկ ու դատարկված տեսքը կստանա: Սպասիր, ու աճիր քո բնական աճով: Քանի դեռ դու աճում ես, քո դոպլերը նեխում է:
Հետո հայտնվիր ու պարզապես ապրիր: Թող նա տեսնի: Փայլիր: Բայց ոչ մի ներողամտություն, ոչ մի ուղղակի շփում մի ունեցիր դոպլերի հետ, այլապես ամեն ինչ կկրկնվի: Պարզապես փայլիր: Ու քո փայլը նրան կմոխրացնի:

No comments:

Post a Comment