Sunday, June 20, 2010

Համագյուղացիներս

Իսկ հիմա՝ «իսկական» բլոգային գրառում:
Ազգականներ են հյուր եկել: Գյուղից: Հորս հորեղբոր տղաներն ու նրանցից մեկի երեխաները: Բոլորից գալիս է քրտինքի, նասկու ու էլի ինչ-որ բանի հոտ, որ իմ քիթը հրաժարվում է ճանաչել: Փոքրը՝ Արմենը, տարիքով ինձանից մի 5-6 տարի մեծ է: Եկել է, նստել սենյակումս ու բզբզում է.
- Հինչ ըս ա՞նում, Բայա՛նդուր, թո՛ղ է, եկ զյուրու՛ց անիք:
Եթե դուք Կապանում ազգականներ չունեք ու նրանց մոտ գոնե մի տարի չեք ապրել, չեք հասկանա, թե ինչու է արտաքինից անմեղ թվացող «եկ զյուրու՛ց անիք» արտահայտությունը միանգամից իմ ճնշումը բարձրացնում ու դեմքիս գույնը փոխում կարմիրի բավականին անառողջ երանգի:
Այդ գրողի տարած արտահայտությունն ասում է իմ հայրական կողմի կամայական ազգական (հետագա տեքստում՝ պարզապես ՀԿԿԱ), որը պարապ է մնում ու որոշում է ինքն իրեն զբաղեցնել... իմ հաշվին: ՀԵՆՑ ՊԱՐԱՊ ՄՆԱՑ: Այլ ժամանակ, երբ կան հարևաններ կամ ուրիշ ազգականներ, ում հետ կարելի է բամբասել, կամ էլ սերիալ (ցանկալի է՝ «Գավիոտան»), քո մասին չեն էլ հիշի:
Ինչու՞մ է կայանում կապանյան ավանդական «զյուրուցը».
ՀԿԿԱ. «Հինչ կա՞, հինչ ըս ա՞նում»:
Ես. խուսափողական պատասխան, ա-լյա «Ոչ մի բան առանձնապես, նորմալ, էլի» և այլն:
ՀԿԿԱ. «Բա օ՞րիշ հինչ կա՞, հինչավ ըս զբա՞ղված»:
Ես. այլ խուսափողական պատասխան, ա-լյա «Ոչ մի բան, էլի, կենդանի եմ, ապրում եմ» և այլն:
ՀԿԿԱ-ն մշտական ցիկլի մեջ է ընկնում, բառերի տարբեր դասավորություններով այնքան է կրկնում նույն նախադասությունը, մինչև ես ինչ-որ բան ասում եմ, ու անցնում է դրան:
Նախ Արմենն ինձ ակնարկում է, որ ուզում է անգլերեն սովորել, հետո ուղղակիորեն հարցնում է, թե ե՞րբ եմ փոքրերից մեկին համակարգիչ սովորեցնելու: Նշեմ, որ ես երբեք չեմ խոստացել նրանցից որևէ մեկին համակարգիչ կամ անգլերեն սովորեցնել: Խոսում են այնպես, ասես դա արդեն որոշված փաստ է: Վրայիցս ցրում եմ, հղվելով զբաղվածության վրա:
Վարագույրս ընկնում է, աթոռը դնում եմ, որ կախեմ: Մեծ բան չի:
- Եկ օ՛գնիմ:
- Չէ, պետք չի, կանեմ:
Մայրիկս.
- Թարս եկ կախում:
Արմենը.
- Ե՛շե է, մի վայագույր կյախիլ ա՛լ կյարիլ չիս:
Ընդունելով պարտությունս, վարագույրը կախում եմ ու նստում կոմպի դիմաց: Արմենը ծլում է մեջքիս հետևը: Արմենի եղբոր՝ Ալեքի չար, փոքրահասակ երեխաները քաշքշում են ավազի ժամացույցս, կողմնացույցս, մոմերս ու հանքային ապարներիս հավաքածուն: Պատկերացրեք իմ վիճակը:
- Արմեն, ամենաշատը չեմ սիրում, որ ես կոմպով գործ եմ անում, ու ինչ-որ մեկը մեջքիս հետևից նայում ա էկրանիս:
Արմենը նստում է անկողնուս վրա ու ասում.
- Լավ, ստա՛աս ալ ըրյու՛վում չի:
Որոշում եմ ձևացնել, թե հավատում եմ: Մինչև չեմ լսում.
- Էդ հինչ սա՞յտ ա: Հինչ ըս կիրյու՞մ:
Իմ կողմից անհոդաբաշխ մռնչյուն լսելով, նա վեր է թռնում տեղից ու սենյակից դուրս գալիս՝ ասելով.
- Լյավ, լյավ, տյու՛ս իմ կյամ:

3 comments:

Los said...

qo teghe linei, ksksei nenc ankap baner xosal, vor inqe qeznic paxner. orinak incondicional siro masin )

gone xixcht hangist kmna.. ira votov gnacac klni

Anonymous said...

menak tesnes inch aroganutyamb u vogevorutyamb enq artasanum hima yes u Lility HKKA-akan voske barery :DDDDDDDD

Anonymous said...

meranq, meraaaanq, a xoxa hmanchum ches??? :DDD
menq qeznits aveli hamberatar enq` ankeghts asats :DDDDDD ba vor sagh tseghov koghqd nstein u nayeyin qez, qnnarkein te unqd um unqin a nman, qtid tsaky` um, kgzhveir :DDDDD welcome to syuniq paradiza

Post a Comment