Thursday, September 23, 2010

Սոնյա

Երեկ Սոնյա Վարուժյանի համերգին էի: Ամեն ինչ շատ լավ էր՝ տեղն էլ, Սոնյան էլ (եթե տեղ չկա էլ, ես միշտ էլ կարող եմ գետնին նստել:)))): Սաշան սոլո-կիթառն ու շրթհարմոնն էր նվագում, Սոնյան՝ իր ակուստիկն ու երգում էր:
Շատ չխոսեմ, ահա Սոնյայի «Համբույր» երգի մի հատված, որ նկարահանեցի հեռախոսովս: Որակը ցածր է, բայց մի բան կհասկանաք:


Wednesday, September 22, 2010

24

Եթե մտածում եք, թե ինչ է անցնում մի քանի ժամից 24 տարեկան դարձող Բ. Պողոսյանի մտքով, ապա ամեն ինչ ավելի, քան պարզ է. որտե՞ղ եմ անց կացնելու գիշերը: Ոչ մի դեպքում տանը չեմ ուզում լինել:
Ինչ-որ տարօրինակ մտքեր են, բայց էլի շատ բաներ ավելի պարզ եմ տեսնում: Ու նորից որոշ փոփոխություններ եմ մտցնում Requiem-իս մեջ:
Օրվա երաժշտությունը՝

Tuesday, September 21, 2010

Գոլդի

Երբեմն չես էլ պատկերացնում, ինչքան հեգնական կարող է հետդ լինել կյանքը:
Երեք տարի, վեց ամիս, տասնչորս օր: Անցել է երեք գրողի տարած տարի, վեց գրողի տարած ամիս, տասնչորս գրողի տարած օր:
Հինգ անց կես է, մտնում եմ տուն:
Մայրս. «Վայ, լավ ա եկար, մի հատ կասե՞ս էս դուխին ինչ ա»:
Բացում եմ տուփը, փչում եմ կափարիչի մեջ, թափ եմ տալիս, որ սպիրտի հոտն անցնի: Հետո մոտեցնում եմ քթիս:
«Christian Dior, "Pure Poison", հաստատ»:
«Համոզվա՞ծ ես»:
«Ահամ: Չէի շփոթի»:
Christian Dior, "Pure Poison": Հիշու՞մ ես Depeche Mode-ի «Playing the Angel» սկավառակը, որի տուփն այնպես էր ներծծվել օծանելիքովդ, որ մի քանի ամիս դեռ հոտ էի քաշում: Երևի չես հիշում: Չես ուզում հիշել: Ու օծանելիքդ էլ երևի փոխել ես:
Իսկ ես հիշում եմ: Ու այսօր էլի Depeche Mode եմ լսելու:

Saturday, September 18, 2010

Ներեցեք, որ ժամանակ չեմ ունենում այստեղ գրելու համար (տեսնես ինչ-որ մեկը կարդու՞մ է), պարզապես թարգմանությունս ժամանակ է խլում: Փորձում եմ ֆորումի «Ինչպես գրել» բաժինը վերածել հայ գրողների համար հնարավորինս հարուստ ռեսուրսային կենտրոնի՝ գիտեմ, շատ բաներ կլինեն, որ ոչ պետքական կամ անիմաստ կթվան, բայց ամեն մարդու իրենն է օգուտ տալիս և այլն, և այլն:

Saturday, September 11, 2010

...Եվ ամեն երեկո


Կատվի մասին մուլտը, որ ամեն անգամ ասում եմ՝ չեք իմանում, որն ի նկատի ունեմ))) վայելեք: Դեմքություն է:

Մոսեն Նամջու, «Էյ Սարեբան»


Երաժշտություն, կատարում՝ Մոսեն Նամջու
Բառեր՝ Ռահիմ Մոեյնի Կերմանշահի

Friday, September 10, 2010

Velvet Violet

Միայն այսօր հայտնաբերեցի, որ սեփական ձեռքով դիզայնած բլոգս... մանուշակագույն է:
Երբեմն վախենում եմ պատկերացնել, թե ինչքան խորն են սպիերը:
Հետո՝ այսօր գրածդ մի բան կարդացի, ու իրականում զգացի, որ կամ իսկապես քո համար էական նշանակություն չեմ ունեցել, կամ էլ երկար ժամանակ ինքդ քեզ համոզել ես: Չգիտեմ, ցավոտ էր, նույնիսկ սիրտս ծակեց, բայց վիրավորանք չեմ զգում:
Քո հիշողություններն են, ազատ ես նրանց հետ անել, ինչ ցանկանում ես:
Հո չեմ կարող պահանջել, որ իմ նման անցյալով ապրես:
Գոնե դու առաջ շարժվիր: Թեկուզ այդ գնով: Որովհետև ես արդեն հասել եմ, ուր պետք է հասնեի, ու էլ առաջ գնալու ոչ ուժ ունեմ, ոչ էլ կարիք:

Մեխած փայտով սպանություն

Վերջին մի քանի տարիներին տեղի ունեցած մեխած փայտով սպանությունների համար քրեական պատասխանատվությունից խուսափելու համար նշեմ, որ հիշատակվող դեպքը կապ չունի մեխած փայտով իրականացված ոչ մի սպանության հետ:D մեկ էլ տեսար:
Փոքր պատուհանիս տակով ինչ-որ փայտաձող էր մեխած (որի նշանակությունը երևի անձրևաջուրը իր ու տակի պատուհանի միջև ճեղքից շեղելն էր): Վաղուց թուլացել էր, ես էլ ծույլ մարդ եմ: Երեկ պատուհանը քամուց ուժեղ փակվեց ու նորից բացվեց: Փայտը  վրան չէր:
Այսօր մայրիկիս հարցնում եմ (ահա թե ինչ «մեկ էլ տեսար» ի նկատի ունեի).
- Մամ, վերջերս բակում մեխած փայտով ոչ մի սպանություն չի՞ եղել:
Ու քիչ է մնում ծիծաղից մեռնեմ))) բարեբախտաբար, այս անգամ զոհեր չէին եղել: Մյուս անգամ այսքան ծույլ չեմ լինի (ավելի ծույլ կլինեմ, չեմ ստուգի փայտը տեղում է, թե ոչ, որ խիղճս հանգիստ լինի):
Առակս կուսուցանե, կամրադ, որ իմ պատուհանի տակով անցնելիս զգուշանաս մեխած փայտով սպանության զոհ դառնալուց)))

Օրվա երաժշտությունը


Ով ճանաչեց՝ ապրի ինքը:)))

Wednesday, September 8, 2010


Պետք չի նայել մատին («Ամելի» ֆիլմում այդ առիթով բավականին դիպուկ նկատողություն կա): Նայեք մատի ուղղությամբ: Գիտեմ՝ ես թիթիզի մեկն եմ))) բայց չդիմացա գայթակղությանը:
Մնացած առումներով, ի՞նչ ասեմ: Շատ լավ բան՝ Անին վերադարձել է, թռավ գիրկս: Անասելի կարոտել էի:
Վատ բաներ՝ կասկածներ կան, որ ես ինքս ինձ սպանում եմ որոշ մարդկանց լուսանկարները պեղելով, դրանք նայելով ու տխրելով:
Բայց հետո հետաքրքիր բան հասկացա: Ես դադարել եմ ուրիշների մտքերին հետևել:
Համ էլ՝ ինձ այսօր սովորեցրեցին քայլել աստղերով: Մնում է՝ սովորեմ:
Անի, շատ ճիշտ ես ասում: Ես իսկապես անցյալով եմ ապրում: Իսկ ուրիշ ի՞նչ է ինձ մնում անել:

Tuesday, September 7, 2010

Sunday, September 5, 2010

Ճառագայթներ

Ազնվորեն որ ասեմ՝ կյանքի շատ տարօրինակ շրջանով եմ անցնում: Բավականին հետաքրքիր վհատություն է մոտս, որը վարքիս վրա գրեթե չի ազդում: Ու զուգահեռ այնքան տարբեր ճառագայթներ են անցնում:
Օրինակ, երկու օր առաջ հեռուստացույցով ճապոնական «Takeshi's Castle» խաղն էի դիտում (որի մասին պատկերացում կազմելու համար կարող եք դիտել հաջորդ տեսանյութը).

Ու ծիծաղում))) Հետո գիշեր էր, քայլում էի քաղաքով, ամեն ինչ այնքան պարզ էր երևում. նայում էի հրապարակում վաճառվող գույնզգույն լույսերին, հեռուստաաշտարակին, ընդհանուր՝ ինչքան լույսի ճառագայթներ կային, նույնիսկ Հյուսիսային պողոտայի վրա գտնվող գիշերային ակումբի դիմաց ընկած կանաչ գծերը, հետո ամեն ինչ նորից սև էր:
Հետո էլի երթուղայինում նստած էի, մի փոքր հարբած: Չեմ սիրում տաքսիով կամ ոտքով տուն գնալ: Փարթիներից ուշ ժամի միայնակ տուն վերադառնալուց, միայնակ նստելուց, հաց ուտելուց ու միայնակ անկողին գնալուց տխուր բան աշխարհում չկա: