Միզանտրոպիայի մեջ խրվելուց առաջ, մեղքս ինչ թաքցնեմ, հումանիզմ էի քարոզում՝ փորձելով հաշտություն հաստատել այս գրողի տարած երկրում բնակություն հաստատած բազմաթիվ գրողի տարած «իզմ»-երի զոհերի միջև: Բնական է՝ թերարժեքության կոմպլեքսով, անկրթությամբ ու քաղքենիությամբ ախտահարված ազգի մեջ գլուխ բարձրացրած նացիզմն էր հիմնականում թիրախս դառնում: Իսկ նացիզմը, չգիտես ինչու, ուղղված էր... հրեաների դեմ (հետագայում, իհարկե, իմացա, որ ոմն մի խելապակաս, հիտլերապաշտ անձնավորության ստեղծած «Մեկ Ազգ Կուսակցությունն» իր լուման ունի այս գործի մեջ՝ բայց այդ ժամանակ արդեն տարիներ էին անցել այս արժանահիշատակ դեպքից հետո):
Կոնֆլիկտը հասավ այն աստիճանի, որ մարդիկ սկսեցին իմ մասին բամբասանքներ տարածել՝ իբր ես էլ եմ հրեա: Դե ես էլ, երբ բամբասանքներն ինձ հասան, ասացի՝ այո, հրեա եմ, եթե պրոբլեմ ունեք՝ համբուրեք «ետևիս ճակատը»:
Մի անգամ ես ու Ռաֆոն գիշերը մարդամեկին Սարյանի այգում պատին դեմ տվեցինք, ասացինք՝ թե մի հրեայի գլխից մազ ընկնի, հենց քեզ ենք բռնելու-շանսատակ անելու:
Հրեաները՝ ի՞նչ ասեմ, ում արդեն երկու հազար տարի հալածում են ազգային պատկանելության համար, իրենց առաջնային բնազդը դարձրել են գոյապահպանումն ու ամեն իրավիճակից օգուտ քաղելը: Իսկապես, ինչպես դասախոսներիցս մեկն էր ասում՝ եթե կասկածի տակ ես դնում մեկի գոյության իրավունքը, ապա հանում ես նրա վրայից ցանկացած բարոյական պարտավորություն:
Մարդիկ զարմանում են, թե ինչպե՞ս է ստացվում, որ հակահրեական տարբեր շարժումների ականավոր անդամներ վերջում հրեաներ են դուրս գալիս: Սկսում են գաղտնի կազմակերպություններ փնտրել ու համահրեական դավադրություններ են հորինում: Իսկ իրականում՝ հրեան (իհարկե, խոսքն այս ազգի ոչ բոլոր ներկայացուցիչներին է վերաբերում), տեսնելով «Խփի՛ր ջհուդներին» գոռացող ամբոխին, լինելով մարդկային քամելեոն՝ միանում է նրանց ու այնքան լավ է մտնում իր դերի մեջ, որ... Ու տուժում են նրանք, ովքեր նման կերպարանափոխությունն իրենց գիտակցությունից կամ արժանապատվությունից ցածր են համարում:
Մի յուրահատկություն էլ ունեն. բազմաթիվ նացիստներ անարգել զբաղվում են հրեաներին հայհոյելով, ու ոչ ոք չի էլ նկատում: Իսկ իմ այս գրվածքից հետո հաստատ կգտնվեն բազում «մարդասերներ» ու «մարդասերիկներ», որոնք ինձ անտիսեմիտ ու մարդկության թշնամի կհռչակեն:
Սամոն՝ այդ ժամանակ միակ հրեա ծանոթս, լավ տղա էր: Քրիստոնյա էր, որբ, երբեմն գիշերները երկար փիլիսոփայական զրույցներ էինք վարում:
Նացիզմի ալիք բարձրանալուն նա լրիվ ոչ հրեական ռեակցիա տվեց. խնդրեց, որ բեյսբոլային մականս իրեն զիջեմ՝ ակնհայտ է, թե ինչու: Հիացած էի, բայց փորձում էի բռնության չմղել երիտասարդին:
Ես այդ ժամանակ թափառական կյանք էի վարում, գրեթե բուդդիստ-ճգնավոր էի դարձել. մրջյուններ ու ծառերի կեղև էի ուտում, սեր ու իմաստություն էի քարոզում: Դեռ հավատում էի՝ բոլորը կարող են իրար սիրել, բոլոր մարդիկ եղբայրներ են և այլն:
Հիշում եմ, ինչպես աչքերս բացվեցին. սկսեց նրանից, որ գիշերը, ալկոհոլիզմի սեանսներից մեկի ժամանակ հարցրեց.
- Լսել եմ՝ դու էլ ես հրեա:
- Էհ, Սամ ջան, ուր էր թե... Ես ու էդ հիմարներն ախր նույն արյան ենք:
- Լու՞րջ:
- Հպարտանալու բան չի, ամոթով եմ ասում:
Հաջորդ օրն անցնում էի Ստոպի մոտով, ու ինչ տեսնեմ՝ Սամոն, կանգնած մի խումբ նացիստների մեջ, ասում-խոսում են՝ լրիվ տնավարի:
Հանդիպում, առճակատում, հին թեմաներ՝ հրեաներ, մարդը մարդ լինի, և այլն: Շուռ եմ գալիս դեպի Սամոն.
- Սամ, գոնե դու մի բան խոսա, ժպտում ես: Ախր սրանք քեզ էլ են հայհոյում: Քեզ, ոչ թե ինձ:
- Գիտե՞ս, Բայանդուր, ես բան չեմ ասի, որովհետև իրականում գիտեմ, որ հրեաներն իրենցից ավելի նացիստ են:
Մի փոքրահասակ, բայց լայնաթիկունք նացիստ գրկում է նրան ու գրեթե սեռական կրքով լի հիացունքով ասում.
- Սամոն միակ սեմիտն է, որին ես հարգում եմ:
Աչքերս փակում եմ, որ չտեսնեմ Սամոյի՝ անկեղծությունից փայլող հայացքը, ու մտքումս հայհոյում.
«Այ քեզ ջհուդ...»
No comments:
Post a Comment