2005-ին Avalon ֆորումի երեխաներով որոշեցինք «միտինգ» (հանդիպում) կազմակերպել՝ արևածագը դիտելու նպատակով:
Դեպքերի նախապատմությանը ես դեռ կանդրադառնամ, այժմ բավական է միայն ասել, որ արդեն հինգ օր էր, ինչ փողոցում էի ապրում ու քնում էի Թամանյանի արձանի տակ:
Երբ դու տասնչորս տարեկան աղջիկ ես, ապրում ես տատիդ հետ, ու տուն ընթրիքի ես հրավիրել տարիքիցդ շատ բոյֆրենդներ, ու հայտնվում է իմ նման նաիվ ու «տխուր կերպարի ասպետ» մեկը, բնական էր, որ տատիկդ ինձ միանգամից սիրեց:
Երբ ասացիր, որ առավոտյան ժամը չորսին պետք է գնաս ֆորումով լուսաբացը դիտելու, իմ խոստումը, որ ես քեզ կտանեմ ու կենդանի ետ կհասցնեմ, համոզեց տատիդ:
Ես, ինչպես խոստացել էի, չէի թողնում քեզ, որ քնես: Տատիկդ, որը, պրոֆիլակտիկ նկատառումներով մեզ հետ էր մնացել, ժամը մեկին գնաց քնելու:
Հետո դու առաջարկեցիր դուրս գալ պատշգամբ՝ ծխելու:
Մենք դուրս եկանք:
Գիտե՞ս, որքան էլ զարմանալի է, ծխելուց քո ձայնը ոչ մի կերպ չէր վնասվում: Իսկ դու ծխում ու հայհոյում էիր, ինչպես նավաստին:
Բայց պարզության պահերին ձայնդ հոգուս խորքն էր քերում:
Ады сознаний и подсознаний моих,
Ады, где мертвые мысли хоронят живых...
Գիտե՞ս, որ դու ես ինձ իրականում ծխել սովորեցրել: Իսկապես ծխել: Հիշու՞մ ես բալի համով Captain Black-ները, որ հատը 100 դրամով գնում էինք Օպերայի մոտից:
Դժվար թե:
Մենք ծխեցինք, ընթացքում զրուցելով: Հետո վերադարձանք սենյակ: Հետո էլի ծխելու:
Մի կարծիր, թե ես իսկապես ոչինչ չէի հասկանում: Պարզապես ինձ պետք էր, որ դու հաջորդ օրն ընկերուհուդ ասես.
- Знаешь, я попробовала. Он лох.
Ժամը երեքին ես գլուխս դրեցի ծնկներիդ ու խնդրեցի ինձ համար Սնորրի Ստուռլուսոնի գիրքը կարդալ:
Ու քնեցի:
Երազում ինքս ինձ գրքի հերոսն էի տեսնում, որը վերջինն էի կարդացել. արքայազն Կորվինը «Ամբերի Ժամանակագրությունից»:
Երբ դու ինձ սկսեցիր արթնացնել (իսկ դա հեշտ գործ չէր, այնպես որ գործի գցեցիր բռունցքով ու ոտքով հարվածելը), ես վեր կացա, բայց գլուխս դեռ երազիս մեջ էր: Մենք միջանցքով իջանք ներքև, հանկարծ ինչ-որ մեքենա եկավ ու կանգնեց: Դու ինձ հրեցիր պատի հետևն ու թաքնվեցիր: Հետո, երբ Սարյանի այգով էինք անցնում, ինչ-որ ձայն լսեցիր ու սարսափահար ասացիր.
- Все, сейчас тебя убьют, а меня изнасилуют.
Իսկ ես, դեռ երազիցս, պատասխանեցի.
- Жаль, что я не держал в руках ни колющего, ни режущего оружия с тех пор, как потерял память.
- Не надо вот этого, ладно? Не надо.
Մենք, չնայած քո վախերին, հանգիստ հասանք Կասկադ: Ոչ ոք դեռ չէր եկել: Դու պնդեցիր, որ նստենք լուսավոր տեղ:
Հետո եկան ֆորումակիցներն ու մենք, միասին թեյ խմելուց հետո, սկսեցինք Կասկադով բարձրանալ: Արդեն սկսել էր լուսանալ:
Պարզվեց՝ հորիզոնը Կասկադի վերևից էլ բաց չի: Հաղթանակի այգով սկսեցինք վազել, որ հասցնենք: Մայր Հայաստանի հուշարձանի մոտ, բլրի ետևից արևը սկսեց դուրս գալ: Երկու շենքի արանքից: Մի րոպեից էլ պակաս տևեց՝ արևի շարժումն աչքով էլ էր դիտելի:
Մի րոպե անց արևն արդեն սկսել էր լուսավորել գունատ ու մոխրագույն երկինքը:
Այդ օրը ես որոշեցի առաջ շարժվել:
No comments:
Post a Comment