Monday, December 13, 2010

Պատռված ջինսերի սերունդը #20, «Զելենոգրադ» (1986)

Եթե հավատանք հայտնի աղբյուրներին, այն է՝ ծնողներիս ու ծննդյան վկայականիս, ես ծնվել եմ 1986 թվականի սեպտեմբերի 23-ի գիշերվա երեքի կողմերը, Մոսկվայի «Соколиная гора» թաղամասի ծննդատանը: Ասում են՝ այդ «ռեյսին» ծնված մի քանի առողջ երեխաներից մեկն էի: Ու միակը, որը ծնվել էր երկար սև մազերով ու բակենբարդներով: Նման բան պատահում է, հետո այդ մազերը սովորաբար թափվում են: Իմ մոտ նրանք սպիտակեցին, հետո աստիճանաբար սկսեցին գույն ձեռք բերել:
Երեխաների տակը գցելու կոմունիստական «պլյոնկաներ» կան՝ նարնջագույն, անջրաթափանց. դրա փոքրիկ կտորներ էին մառլյայով կապում ամեն երեխայի ձեռքից, որտեղ նշված էր մայրը, ծննդյան պահն ու, եթե չեմ սխալվում, արյան խումբը: Կարող եմ ճշտել՝ մերոնք պահել են, բայց ոչ ցանկություն կա, ոչ էլ իմաստ:
Կյանքիս առաջին տարին, որն անցել է Պոդմոսկովյեի Զելենոգրադ քաղաքում, գրեթե չեմ հիշում: Կալմարների սպիտակ շերտեր, որ սեղանի վրա կտրտում էր մայրս: Զբոսայգի: Փչովի Չիպոլինո, որը ոչ մի կերպ չէի կարողանում կրծել, մինչև չպարզեցի, որ եզրերի կարերը խոցելի են:


No comments:

Post a Comment