Եթե սպասում եք նոստալգիկ ու սենտիմենտալ պատմություն լսել իրար թաթիկներից բռնած զբոսնող դպրոցականների մասին, ապա հիասթափեցնեմ ձեզ՝ այդպիսի բան իմ մոտ չի եղել (էժանագին ռոմանտիկայի նոպաները մոտս սկսեցին բարձր դասարաններում ու ինստիտուտի ցածր կուրսերում):
AdagioԻհարկե, կար Նա) Նա-ին անվանենք Լիլիթ, որովհետև անունն իսկապես Լիլիթ էր: Լիլիթը հորաքրոջս հարևան բժշկի աղջիկն էր. շիկահեր, ակտիվ երեխա էր, այնքան գեղեցիկ))) Բացի այդ ամենից, նա նաև մրցակիցս էր՝ ես երկրորդ Բ դասարանի ամենաուժեղ գերազանցիկն էի, նա՝ երկրորդ Ա-ինը: Եթե մեր ծնողները փորձում էլ էին կոմունիստական ձևերով մեր միջև մրցակցություն սերմանել, դա նրանց մոտ չստացվեց. շատ արագ մենք անբաժան ընկերներ դարձանք: Միասին նստում ու մոնոպոլիա էինք խաղում՝ ժամերով, նույնիսկ օրերով:
Ասեմ, որ շատ կեղտոտ էի խաղում. բանկից փողեր էի ցրում, տներն էի խառնում, բայց ոչ թե նրա համար, որ հաղթեմ, այլ որ խաղը չավարտվի: Կարելի է ասել՝ մենք մի անվերջանալի երկար խաղ էինք խաղում: Ձեր իմացած մոնոպոլիաներից չէր. մեծ դաշտով, երեք «օղակներով»՝ ազնիվ, կրիմինալ ու էլիտար:
Հիշում եմ, որ իմ համար «բախտ» էր բացում: Դե, աղջիկները սիրում են այդ տարիքում նման բաներով տարվել: Ինչ-որ բարդ հաշվարկ էր ԶԱՔՍ (ուղղագրական սխալն առկա էր կոնցեպտուալ նպատակներով) ու ՍԱՀՆԱԿ բառերի տառերի հետ կապված, մի քանի աղջիկների անուններ էի տալիս, իբր թե որոշում էր, թե ում հետ ինչ հարաբերություններ են լինելու: Ասեմ, որ այս ամենը ես չէի հորինել: Զ-ն չեմ հիշում, ինչ էր նշանակում, Ա-ն նշանակում էր, որ ամուսնանալու եմ այդ աղջկա հետ, Ք-ն, իհարկե, նշանակում էր, որ այդ աղջկան, հմմ, դոմփելու եմ (ի ամոթ ինձ ասեմ, որ երկրորդ դասարանում ես չգիտեի, թե դա ինչ է, իսկ Լիլիթը գիտեր իհարկե, ես գիտակի դեմք էի անում ու չէի հարցնում), Ս-ն՝ որ սիրահարվելու եմ: Ես ամեն անգամ նրա անունն էլ էի տալիս, բայց երբեք ոչինչ չէր ստացվում: Չնայած, հիմա որ մտածում եմ, գոնե այդ հարցում այդ «գուշակությունն» ինձ ճիշտ պատասխան տվեց:
Ավելորդ կլինի ասել, որ ոտքերիս մատներից մինչև ականջներիս ծայրերը սիրահարված էի նրան: Մինչև հիմա չեմ հասկանում, թե ինչպես, բայց սիրահարված էի: Անընդհատ ուզում էի ասել, ու երևի կասեի, եթե ամեն ինչ այդպես հանկարծակի չավարտվեր:
Մի օր իմացա, որ ընտանիքով տեղափոխվում են Երևան: Ես ու Լիլիթը խոստացանք գտնել իրար, ինչ էլ լինի: «Նորք պանսիոնատի մոտ», ահա թե ինչ ասաց ինձ:
Ես մտքումս խոստացա նրան միշտ սիրել: Մենք միասին անց կացրեցինք մոտ կես տարի:
Largo
Մի կես տարուց ես էլ Երևան եկա: Այդ պահից սկսած ես փորձում էի պահել խոստումս, բայց ոչինչ չէր ստացվում: Երբ փորձում էի ազգականներիցս ինչ-որ բան իմանալ, ազգականներս սկսում էին կատակներ անել այդ առիթով, ինչն իմ համար ստորացուցիչ էր: Դրա համար էլ ես սկսեցի փակվել ինքս իմ մեջ, ոչ մեկին ոչ մի բան չէի ասում: Շատ մարդիկ չէին կարողանում բացատրել իմ տրամադրության կտրուկ անկումները, բայց իմ ինչի՞ն էր դա պետք:
Լիլիթին չորս տարի չգտնելուց հետո հանձնվեցի: Իհարկե, «երիտասարդ» այրու կյանք էի վարում, ուրիշ աղջիկների նկատմամբ ուշադրություն ցուցաբերելով, որ իմ պրոբլեմներն ուշադրություն չգրավեն ու ծաղրի առարկա չդառնան: Ես փոքր ժամանակ անասելի զգայուն էի ծաղրի նկատմամբ. անսովոր անունը, բնականաբար, խնդիրներ էր ստեղծում բակում (ինչքան էլ դա տարօրինակ հնչի՝ ոչ դպրոցում), իսկ սիրային պլանում ամենաթեթև ակնարկը հորս կատակների առիթ էր դառնում, ու ոչ մեկը չէր հասկանում, թե ինչքան վատ եմ ես զգում դրանից:
Այլ կերպ ասած՝ ես մնացել էի ինքս իմ հույսին:
Երբ առաջին անգամ հանդիպեցինք, 94 թվի ամառն էր: Երբ հանդիպեցինք նորից, արդեն 2001 թվի օգոստոսն էր: Ահա թե ինչպես դա պատահեց. մի անգամ ինձ զանգահարեց մեր ընդհանուր ծանոթներից մեկն ու խոսքի մեջ ասաց. «Գիտե՞ս, Լիլիթի հետ էի խոսում, քեզանից էր հարցնում»:
Allegro Molto
«Իսկապե՞ս», հարցրեցի ես՝ լսածիս չհավատալով: Չեք պատկերացնի, ինչպես էր սիրտս բաբախում:
«Հա, իր մեյլն էր տվել, որ փոխանցեմ քեզ»:
Առաջին կուրսը նոր ավարտած, տասնվեց տարեկան տղա էի: Պատկերացնու՞մ եք, ինչեր անցան մտքովս: Պատկերացրեցի, որ նա էլ է այս ամբողջ ընթացքում փնտրել ինձ, որ նա էլ է... սիրե՞լ ինձ: Այո, ես այդպես պատկերացրեցի:
Իրար հետ թեթևակի խոսեցինք՝ չափազանց հուզված էի, որ հեռախոսով երկար խոսեմ: Լիլիթն ասաց, որ շուտով իր ծննդյան օրն է. օգոստոսի 13-ին)
Ճիշտն ասած, չէի սպասում, որ մարդ կարող է իր ծննդյան օրը դիսկոյում նշել (ասեմ, որ դա առաջին ու վերջին անգամն էր, որ ես դիսկո ոտք դրեցի): Հանդիպեցինք ու... ճանաչեց: Ես էլ ճանաչեցի, չնայած երկուսս էլ անասելի փոխվել էինք: Նայեց ինձ, ես ժպտացի, նա էլ ժպտաց: «Բայանդու՞ր», հարցրեց: «Լիլիթ», ես տեղս չէի գտնում: Ինձանից բարձրահասակ էր դարձել (տասերորդ դասարանում իմ բոյը 1,42 էր, երկրորդ կուրսի սկզբում՝ 1,60, հիմա՝ 1,77): Էլի գեղեցիկ էր, բայց ինչ-որ խորթ, վանող բան էր ավելացել, որը ես տարիքի հետ սովորեցի ճանաչել. Լիլիթն էքստրովերտ էր դարձել:( այլ կերպ ասած, նրա «հասարակական ես»-ն «անձնական ես»-ից ավելի մեծ էր:
Երբեք չեմ սիրել պարել. այդ օրն էլ բացառություն չէր: Ես եկել էի միայն մի նպատակով. ասել ամեն ինչ, որ կիսատ էր մնացել: Փարթիի մեջ տեղում ես հնարավորություն ունեցա դա անել:
«Գիտե՞ս, ես քեզ սիրում էի»:
«Գիտեմ, գնալուց առաջ Էդգարը քո նամակը բերել էր»:
«Ի՞նչ նամակ»:
«Դե, որ գրել էիր: Էդգարը բացել-կարդացել էր, ծիծաղելով բերեց»:
Գրողն ինձ տանի, թե ինչ-որ նամակ էի գրել: Մինչև հիմա էլ այդ ամենն իմ համար գաղտնիք է մնում:
«Իսկ դու ինձ սիրու՞մ էիր: Եթե քեզ այն ժամանակ ասեի, ի՞նչ կանեիր»:
«Ինչքան հիշում եմ՝ չէի սիրում: Համ էլ կջղայնանայի»:
«Իսկ... եթե սիրու՞մ էիր»:
«Չէ, հաստատ չէ: Ես այդ ժամանակ այդպիսին էի»:
Ասես ամեն ինչ երազի մեջ կատարվեր. հիշում եմ՝ ինչպես սեղանից տանձ վերցրեցի ու կծեցի: Որդնած էր: Ինչևէ, ես այն մինչև վերջ կերա:
No comments:
Post a Comment