Thursday, January 13, 2011

Մոխրոտիկի ամանորյա արկածները Կամչատկայում

Զվարճալի նորություն Ռուսաստանից. ինչպես հայտնում է Newsland.ru-ի հոդվածը, Կամչատկայում փորձել են արգելել... Մոխրոտիկի մասին հեքիաթի բեմականացումը: Այն, ըստ տեղական իշխանությունների, ատելություն է ներշնչում պետական իշխանությունների նկատմամբ:
Որպեսզի մի փոքր հասկանալի դառնա սույն... «կուրիոզի» էությունը, վերապատմեմ նախապատմությունը: Փորձելով «մոտեցնել շրջանները Մոսկվային», իշխանությունները որոշում են ժամացույցները մի ժամով հետ տալ: Ժողովուրդը դա դիմավորում է բողոքի ցույցերով և այլն, և այլն:
Ու հանկարծ «Մոխրոտիկի ամանորյա արկածներ» պիեսի բեմականացման ժամանակ, եթե հիշում եք հեքիաթը, թագավորը ժամացույցը մի ժամով հետ է տալիս, որ Մոխրոտիկը չփախչի պարահանդեսից: Ժողովուրդն, իհարկե, հիշատակելով տեղական «թագավորի» «Մոխրոտիկ(ներ)ին», բարձր ծափերով է դիմավորում տեսարանը:
Ոմն «իշխանությունների ներկայացուցիչ» տիկին, չի բացառվում՝ վերոհիշյալ չարաբաստիկ «կառավարական Մոխրոտիկիադայի» ներկայացուցիչ, հիստերիկայի մեջ է ընկնում, պահանջում դադարեցնել, ավելին՝ արգելել բեմականացումը: Պատճառը՝ պետական իշխանության դեմ ատելություն ներշնչող տեսարան, ու մի քանի տեսարաններ, որոնք նույնպես «անառողջ էմոցիաներ» են առաջացնում:
Հայտնում են, իհարկե, նահանգապետին, որն իր հերթին հրամայում է արգելել «անառողջ ներկայացումը»:
Մինչ այժմ արգելելու փորձերը հաջողությամբ չեն ավարտվել: Որոշ տեսարաններ «կտրելու» պահանջը նույնպես բախվել է հասարակական կուկիշի: Թատերական խումբը խաղում է պիեսն անփոփոխ, բեմականացումներին գալիս են հազարավոր հանդիսատեսներ:
Արժեր հասնել Կամչատկա՝ այդ մարդկանց ձեռքը սեղմելու համար:
Իսկ դուք, տիկնայք և պարոնայք, մի անհանգստացեք: Ինչպես արդեն ասել եմ, այդ բարին է, որ ինչ-որ կոնտեքստում, ինչ-որ մեկի գլխում հաղթում է չարին:

No comments:

Post a Comment