Saturday, January 8, 2011

Շիզոֆրենիայի անհանգիստ գեղեցկությունը. Ուոլտեր Ինգլիս Անդերսոն

Դե, եթե խոսք գնաց ժամանակակից հետաքրքիր նկարիչներից ու «Invitation to Psychology»-ից, ապա շարունակենք թեման:
Միսսիսիպիցի նկարիչ Ուոլտեր Անդերսոնի մասին դժվար թե կարդաք արվեստի հանրագիտարաններում ու ժամանակագրություններում: Քննադատներն էլ նրան հաճախ շրջանցում են: Այլ կերպ ասած, ճանաչված նկարիչ նրան դժվար թե հնարավոր լինի համարել:
Շիզոֆրենիայի դիագնոզից հետո նա առանձնացավ Շիրուոթերի իր տանն ու պարզունակ կյանք էր վարում մինչև իր մահը 1965-ին: Այդ շրջանում նա հաճախ էր հեծանվով ճամփորդում, ինչի մասին գրել է. «Անիվները նորից պտտվում են: Հեծանիվը, կարծես թե, մնացած չարիքների համար քիչ տեղ է թողնում, մյուս կողմից՝ բարիքների համար էլ: Այն միաժամանակ ներառող ու բացառող անիվ է»:
Կարծում եմ՝ այդ շրջանում արված որմնանկարները նրա ամենահանճարեղ աշխատանքներն են: Բնությունը, որը նա անընդհատ դիտում էր իր շուրջը: Մոլորակների պտույտը: Անընդհատ հայտնաբերող, ստեղծագործող միտք, առանց խտացման կետի, առանց սկզբի կամ ավարտի:


Անդերսոնի որոշ նկարներ եթե հիացմունք են առաջացնում իրենց գեղեցկությամբ, մի քանիսն ինձ անհանգստացնում, միգուցե նույնիսկ վախեցնում են: Բայց, ինչ էլ լինի, ինձ ծանոթ ամենատպավորիչ նկարիչներից է: Աշխատանքներում զգացվում է նրա լավատեղյակ լինելը տարբեր կրոնական և այլ դոկտրիններից:
Ուոլտեր Անդերսոնի արվեստին ու աշխատանքներին կարող եք առավել մանրամասն ծանոթանալ այստեղ:
«Invitation to Psychology» գրքի, որի մասին հիշատակեցի նախորդ գրառման մեջ, պատկերված է Ուոլտեր Ինգլիս Անդերսոնի նկարազարդած պատուհաններից մեկը: Ցավոք, գիրքը մոտս չի, ու չեմ կարող ցույց տալ (իսկ ինտերնետում միայն սարսափելի վատ սև ու սպիտակ տարբերակ էր):

No comments:

Post a Comment