Monday, January 10, 2011

Ալիստեր Կրոուլին՝ մոգության մասին

Արա, ինչ Կամենում ես՝ կլինի ողջ Օրենքը:
Ալիստեր Կրոուլին սիրում էր մի անեկդոտ պատմել: Նա պնդում էր, որ ճիշտ հասկանալու դեպքում այն կբացատրի մոգության էությունը:
Այսպիսով, երկու մարդ նստած էին նույն երկաթուղային կուպեում: Նրանք իրար ընդհանրապես չէին ճանաչում: Պարզապես այնպես ստացվեց, լրիվ պատահաբար, որ նույն ուղերթի վրա հայտնվեցին: Մարդկանցից մեկի ծնկներին ստվարաթղթե արկղ էր, որի վերևում ծակեր էին արված: Անգլիայում, նամանավանդ վիկտորիական շրջանում, խիստ անքաղաքավարի էր համարվում գնացքով ուղևորության ժամանակ անծանոթ մարդու հետ խոսելը: Բայց որոշ ժամանակ անց երկրորդ պարոնն արդեն չէր կարողանում հաղթահարել իր հետաքրքրասիրությունը:
- Ներեցեք, սեր,- ասաց նա,- բայց չէի կարող չնկատել ձեր տուփը: Նրա մեջ ինչ-որ կենդանի՞ է:
Մյուս պարոնն, իհարկե, զարմացած այդ հանկարծակի հարցից, քաղաքավարորեն ժպտաց ու պատասխանեց.
- Դուք լրիվ ճիշտ եք: Տուփի մեջ իսկապես կենդանի արարած է: Կարող եմ ասել ավելին՝ կենդանին, որի մասին խոսքը գնում է, մանգուս է:
Մարդն, ով սկսել էր հարցուփորձը, ցնցված էր այդ հայտնությունից: Անակնկալից այրվելով, նա էլի բացատրություններ էր ցանկանում ստանալ իր ճանապարհակցի պրովոկատիվ բացահայտման շուրջ:
- Մանգու՞ս: Սեր, պետք է խոստովանեմ՝ ես սպասում էի, որ միգուցե կատու լինի, կամ ճագար, բայց ոչ այդքան էկզոտիկ ու հազվագյուտ արարած: Ձեր նշած կենդանին այնքան է գրգռել իմ հետաքրքրությունը, որ խնդրում եմ, պատմեք ավելին: Որտե՞ղ եք գնում այսպիսի կենդանու հետ, եթե կներեք համարձակությունս:
Մյուս մարդը, որը նստած էր ծակծկված տուփն իր ծնկներին, հոգնած թոթվեց ուսերն ու պատասխանեց.
- Դե, սա անձնական հարց է, որը կապված է ընտանեկան ողբերգության հետ: Ինչևէ, քանի որ ես համոզված եմ, որ կարող եմ հույսս դնել ձեր գաղտնապահության վրա, դեմ չեմ իմ դժբախտության մասին ձեզ պատմելուն:
- Հասկանու՞մ եք,- շարունակեց նա,- այս տխուր պատմությունը կապված է իմ ավագ եղբոր հետ: Նա միշտ եղել է այն, ինչ, կարծում եմ, կանվանեին «ընտանիքի սև ոչխար»: Նա տարիներով տրվել է կանխատեսելի ու տարածված չարիքների, որոնցից ամենավատը նրա սերն է ուժեղ ոգելից խմիչքների նկատմամբ: Եղբորս խմելը հասավ նրան, որ նա հիմա delirium tremens-ի վերջնական շրջանում է: Եղբայրս ամեն տեղ օձեր է տեսնում, ահա թե ինչու եմ ես նրան այս մանգուսը տանում՝ որ օգնի նրան ազատվել օձերից:
- Ներեցեք,- միջամտեց մյուս մարդը շփոթված հայացքով,- բայց օձերը, որոնք տեսնում է ձեր եղբայրը... դրանք երևակայական օձեր են, այդպես չէ՞:
- Իսկապես,- պատասխանեց մանգուսով պարոնը:- Բայց սա,- ու նա խորիմաստ հայացքով ցույց տվեց ծակծկված արկղը,- երևակայական մանգուս է:

No comments:

Post a Comment