Sunday, January 9, 2011

Placebo, "Song to Say Goodbye"

Հիշում եմ՝ երբ դուրս եկավ «Placebo»-ի «Meds» ալբոմը, ես բանակում էի (հետևաբար՝ օրհնված կաբելային հեռուստատեսությամբ): Խմբին արդեն ծանոթ էի, բայց երբ A1-ով տեսա այս տեսահոլովակը... ախր շատ դեպրեսսիվ էր: Մեկնաբանությունն այնքան միանշանակ էր թվում. երեխան անտուն ու ապրելու կամքը կորցրած մարդ է վերցնում, հոգ է տանում նրա մասին, հետո, չնայած հաջողության նշույլներ կան, արդեն չի կարողանում իրեն ստիպել երկուսի փոխարեն ապրել, ու հանձնում է բժիշկների խնամքին: Ինչից հետո իր սեփական կամքը սասանված է:
Անուկի հետ տեսահոլովակը քննարկելն ու ուրիշների մեկնաբանությունները կարդալը ցույց տվեց, որ ոչ բոլորն են իմ նման հասկացել ամեն ինչ: Օրինակ, մի մասը, երեխայի կապտուկների վրա ուշադրություն դարձնելով, առաջարկել էր տարբերակ, որ մարդը երեխայի հայրն է: Իսկ վերջում՝ երեխան այլևս կարիք չունի մեքենան վարել/մեծ լինել: Կամ՝ որ երեխան նույն մարդու միջի երեխան է, որը վերջում նրան լքում է:
Ու իմացա, օրինակ, որ երգում բազմաթիվ հղումներ կան թմրադեղերի վերաբերյալ. «Needle and the Damage Done»-ը Նիլ Յանգի երգ է՝ հերոինային օվերդոզի մասին: Տարբերակ կա, հիմնված Բրայան Մոլկոյի ինտերվյուի ժամանակ ասածի վրա (թե երգն ինքնակենսագրական է), որ տեսահոլովակը ներկայացնում է մարդուն մինչև թմրադեղերն ու թմրադեղերից հետո:
Ինչևէ, չմոռանանք, որ տեսահոլովակը ռեժիսորի աշխատանքն է (տվյալ դեպքում՝ Ֆիլիպ Անդրեի), ու կարող է ներկայացնել երգի կոնտեքստից որոշակի չափով տարբերվող տեսանկյուն:
Ըստ Wikipedia-ի, տեսահոլովակը թմրամոլ հոր ու նրան փրկել փորձող երեխայի մասին է: Որոշ մարդիկ դա դիտարկում են որպես դերերի փոխանակում հոր ու երեխայի միջև: Իսկ Մոլկոն իսկապես տղա երեխա ունի:
Ինչևէ, ինձ իմ տարբերակը մինչև հիմա էլ ավելի հոգեհարազատ ու հուզիչ է թվում: Թող այդպես էլ մնա:
Եվս մի երգ նույն ալբոմից.

No comments:

Post a Comment