Narrenturm. «Հիմարի Աշտարակը»: Հոգեկան հիվանդներին հասարակությունից առանձնացնելու համար նախատեսված ամենահին շինություններից մեկը: Իհարկե, կաթոլիկների ստեղծագործությունը: Պաշտոնապես՝ «հոգեկան ու հազվագյուտ հիվանդություններով տառապող մարդկանց համար»: Ոչ թե հոգեբուժական հիվանդանոց, այլ գժանոց՝ բառիս բուն իմաստով: 28 սենյակ, 139 խուց: Խցերի պատերին շղթաներ՝ առավել անհանգիստներին կապելու համար:
Ենթադրություններ կան, որ Narrenturm-ի շանթարգելներն օգտագործում էին հիվանդների «էլեկտրական բուժման» նպատակով:
«Հիմարի Աշտարակը» (ինչպիսի զուգադիպություն՝ Տարոյի երկու պատկեր) կառուցվել է 1784 թվականին՝ Սրբազան Հռոմեական Կայսր Ջոզեֆ II-ի հրամանով: Ներկայումս շենքը պատոլոգիկ-անատոմիկ թանգարան է:
Narrenturm. «Հիմարի Աշտարակը»: Այս վերնագիրն է կրում ֆենտեզի ոճի լեհ գրող Անդրժեյ Սապկովսկու «Հուսիտների եռագրության» 2002 թվականին թողարկված առաջին մասը: Վեպը պատմում է երիտասարդ մեդիկ, բուսաբույժ ու մոգ Բելյաուցի Ռեյնմարի մասին, ով հայտնի է նաև որպես Ռեյնեվան ֆոն Բելաու:
Հուսիտային պատերազմներ: Ալտերնատիվ պատմություն: Միջնադարյան մոգություն ու գրիմուարներ: Ինկվիզիցիա: Ու, ինչպես կարելի էր սպասել Սապկովսկուց, առատորեն ողողված տարբեր ծագման թրիքով, քրտինքով ու մեզով:
Դեռևս գրքի 27 տոկոսն եմ կարդացել: Հմմ: Համաձայն չեմ Վահեի կարծիքի հետ, թե հերոսը «Ведьмак»-ի Лютик-ին է նման: Ավելի շատ՝ նաիվ երիտասարդ, «տխուր պատկերի ասպետ»: Դեռևս: Հետաքրքիր է կարդացվում, ինտրիգա ու հանելուկայնություն կա, ինչ-որ չափով համոզիչ է (բացի մոգության նկարագրությունից ու, օ սուրբ Կտուլհու, «Նեկրոնոմիկոնի» հիշատակումից):
Կշարունակեմ: Ի տարբերություն վերոհիշյալ «Ведьмак»-ի, սուր սրտխառնոցի փոխարեն դրական, ես կասեի՝ նշանակալիորեն դրական տպավորություններ է թողնում:
«Տիրոջ 1420 թվականին աշխարհի վերջը տեղի չունեցավ: Բանտարկությունից չազատվեց Սատանան: Աշխարհը չայրվեց ու չոչնչացավ: Դե, ցանկացած դեպքում, ոչ ամբողջը: Բայց միևնույն է՝ ուրախ ժամանակ էր»:
«Տիրոջ 1420 թվականին աշխարհի վերջը տեղի չունեցավ: Բանտարկությունից չազատվեց Սատանան: Աշխարհը չայրվեց ու չոչնչացավ: Դե, ցանկացած դեպքում, ոչ ամբողջը: Բայց միևնույն է՝ ուրախ ժամանակ էր»:
No comments:
Post a Comment